ԿարևորՄիջազգային

Հռոմի 266- րդ պապի գահակալության արարողությունը

Հռոմի պապն այսօր պաշտոնապես ստանձնեց պապական գահը: Վատիկանում կայացել է Ֆրանցիսկի գահակալության արարողությունը: Այն մեկնարկել է վաղ առավոտյան սուրբ Պետրոսի հրապարակից։
Կաթոլիկ եկեղեցու հովվապետը շրջել է հրապարակում, որտեղ առավոտից հավաքված են եղել հազարավոր հավատացյալներ: Հատկանշական է, որ ի տարբերություն իր նախորդների, Ֆրանցիսկը ընտրել է բաց պապամոբիլ։
Հովվապետը պարբերաբար իջել է մեքենայից, օրհնել մարդկանց, հատուկ կանգ է առել՝ հաշմանդամին գրկելու և  համբուրելու համար։
Այնուհետև Ֆրանցիսկը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի բարձր պաշտոնում իր առաջին հանդիսավոր պատարագն է մատուցել: Նրան է հանձնվել բարձրագույն իշխանության խորհրդանիշը՝ Ձկնորսի մատանին : Իր առաջին ուղերձում նորընտիր պապը կոչ է արել պաշտպանել աղքատների և թույլերի շահերը:

Ընտրվելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում Ֆրանցիսկն արդեն հասցրել է համեստությունն իր ոճի անբաժան մասը դարձնել, գահակալության արարողությամբ վերջնականապես հաստատելով համեստ, ժուժկալ հոգևորականի համբավը։
Հատկանշական է, որ նորընտիր պապի գահակալությունն ավելի կարճ և համեստ է եղել, քան՝ նախորդ պապերինն էր։ Ձկնորսի մատանին եղել է ոչ թե ոսկյա, այլ՝ ոսկեզօծ։ Արդեն հայտնի մեկ այլ իրողություն էլ՝ Հռոմի նոր պապը հրաժարվել է վարձատրությունից։
Ավելի վաղ նա իր հայրենակից արգետնինացիներին կոչ էր արել գումար չծախսել և Վատիկան չգալ գահակալության արարողությանը մասնակցելու համար, այն տալ ընչազուրկներին։
Այդուհանդերձ՝ այսօր Վատիկանում էր աշխարհի քաղաքական էլիտայի բավականին ներկայացուցչական պատվիրակություն. Հռոմի պապի գահակալության արարողությանը մասնակցել են 130 երկրների ներկայացուցիչներ՝ Միացյալ Նահանգների փոխնախագահը, Ֆրանսիայի վարչապետը, Ռուսաստանի Պետդումայի խոսնակը, Գերմանիայի կանցլերը, Իտալիայի նախագահը։
Վատիկանում է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button