«Ընդվզում» շարժման ակտիվիստները պահանջում են հեռացնել Գևորգ Մելքոնյանին ԵՊՀ- ից


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո Մայր բուհի մի խումբ ակտիվ ուսանողներ ստեղծել են «Ընդվզում» անվանումը կրող շարժում, որի միջոցով բողոքում են ընտրությունների ընթացքում գրանցված ընտրախախտումների դեմ: Նախ դասադուլ, հետո արդեն նստացույց. շարժման ակտիվիստներն իրենց պայքարը շարունակում են արդեն կոնկրետ՝ երկարաժամկետ ու կարաժամկետ պահանջներով:
Երկարաժամկետ ու կարճաժամկետ պահանջներ՝ ԵՊՀ ռեկտորին ու ոչ միայն: Երիտասարդական «Ընդվզում» շարժումը ձևավորվեց փետրվարի 18-ի՝ նախագահական ընտրություններից հետո: Մի խումբ ակտիվ երիտասարդներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին՝ ընդդեմ ընտրական գործընթացների: Մայր բուհի ուսանողները դասադուլ հայտարարեցին ու մյուս բուհերի ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց՝ դասադուլ անելու սահմանադրական իրավունքին: Այս ընթացքում էլ երիտասարդները բազմաթիվ խոչընդոտների հանդիպեցին: Ընդվզում շարժման ներկայացուցիչ Լիլիթ Հարությունյանը փոխանցում է, թե որն էր իրենց իրական նպատակը. «Միտված էր արթնացնել երիտասարդության մեջ պահանջատիրության զգացումը, պայքարելու ունակությունները, և նաև բացատրել իրենց, որ այն ինչ-որ մենք անում ենք՝ դասադուլը, սահմանադրորեն թույլատրելի արարք է»:
Ցանկություններն ու նպատակները փոխվեցին, երբ փետրվարի 27-ին Մայր բուհի դիմաց միջադեպ տեղի ունեցավ ԵՊՀ ռեկտորի օգնականի ու դասադուլի կազմակերպիչների միջև: Դասադուլը նստացույցով ուղեկցվեց, զուգահեռ ստորագրահավաք է սկսվել: Այժմ շարժման ակտիվիստները շարունակում են պահանջել ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի հրաժարականը, նրանք գտնում են, որ խախտվել են իրենց իրավունքները: Երիտասարդները կարճաժամկետ ու երկարաժամկետ պահանջներ ունեն:
«Հեռացնել Գևորգ Մելքոնյանին ԵՊՀ –ից մարտի 19-22 –ն ընկած ժամանակատվածում, ինչպես նաև ստուգել, արձանագրել ու պատասխանատվության ենթարկել պատասխանատու պաշտոնյաներին»:
ԵՊՀ ուսանող Արման Ալեքսանյանը համոզված է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները չպետք է ղեկավարեն բարձրաստիճան պաշտոնյաները, այս կերպ կրթական համակարգերը հեռու կմնան կուսակցական ու ընդհանրապես քաղաքական գործընթացներից: Ընդվզում շարժման ներկայացուցիչ Արման Ալեքսանյանն ասում է, որ երկարաժամկետ պահանջները կրթական ընդհանուր ծրագրերի բարեփոխումներին են վերաբերում.«Այս ակցիան ընթանալու է այնքան ժամանակ, քանի դեռ Գևորգ Մեքլոնյանին չեն հեռացրել պաշտոնից: Եթե մեր պահանջները չբավարարվեն, մենք դիմելու ենք բոլոր այն միջազգային համալսարաններին, որոնց հետո ԵՊՀ-ն համագործակցում է և տեղեկացնելու ենք, թե իրականում ինչ է կատարվել ԵՊՀ-ում»:
Այժմ արդեն ուսանողները նստացույցին հերթափոխով են մասնակցում: Մի մասը դասերից հետո է նրանց միանում, մյուս մասն էլ ՝ նախքան դասերի սկսվելը: