Հասարակություն

Գրավաճառները հետագայում կարող են վերադառնալ գետնանցում, ասում է Տարոն Մարգարյանը

Իսահակյանի արձանի հարևանությամբ գետնանցումում գրքի վաճառք իրականացնողների հետ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել եւ  հետագա ժամանակավոր գործունեության համար առաջարկել այլընտրանքային երկու տարածք՝ Ձկան խանութի հարևանությամբ կամ Մալիբու սրճարանի հարակից գետնանցումներում:

Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետը հայտնել է, որ նաեւ առաջարկել է քննարկման համար ներկայացնել հնարավոր այլ տարածքների տարբերակներ:
Տնտեսվարողների կողմից առաջարկվող տարածքներից մեկը մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանի շատրվանների հարակից հատվածն է, ինչը, քաղաքապետի խոսքով, նպատակահարմար չէ, քանի որ մի քանի ամսից արդեն այդ տարածքում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվելու, և խնդիրը կրկին առաջանալու է:
Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանի հարակից այգու տարածքում կրպակներ տեղադրելու առաջարկը կտրականապես մերժվել  է քաղաքապետարանի կողմից: Տնտեսվարողները խոստացել են ընտրություն կատարել և դրա մասին տեղեկացնել քաղաքապետին:
Տարոն Մարգարյանը այսօր նաեւ նշել է, որ նախկին տարածքի սեփականատերը պատրաստակամ է նորոգման աշխատանքների ավարտից հետո նույն տարածքում կրկին գրքի վաճառքի առևտուր կազմակերպել, ուստի գրավաճառները հետագայում հնարավորություն կունենան վերադառնալ նախկին տարածք:

Ցուցադրել ավելի
Back to top button