ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան.«ԱԺ նախագահը իրեն որեւէ առաջարկ չի արել»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հովիկ Աբրահամյանը կարգավիճակ չունի Րաֆֆի Հովհաննիսյանին որևէ առաջարկ անելու համար: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Ժառանգության ղեկավար, հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը: Անդրադառնալով նախորդ գիշեր ԱԺ նախագահի` իրեն կատարած այցին` Հովհաննիսյանն ասել է, որ այցը եղել է զուտ քաղաքավարական եւ որեւէ բովանդակության մասին իրենք չեն խոսել: «Նա որևէ առաջարկ չի արել, այդ թվում` Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնի»,- ի պատասխան լրագրողի հարցի շեշտել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` ԱԺ նախագահը իրեն որեւէ առաջարկ չի արել: Ժառանգության առաջնորդը շեշտեց, թե իր զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, իսկ Սերժ Սարգսյանինից որեւէ առաջարկ չի ստացել: Հովիկ Աբրահամյանի այցն էլ, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, քաղաքավարական այց էր:
«Երբ պարոն Աբրահամյանը ինձ այցելեց, սա քաղաքավարական այց էր: Որևէ բովանդակության մասին չխոսեցինք: Ես նրան ասացի, որ իրեն չեմ տեսնում որպես միջնորդ: Բովանդակության մասին ես կխոսեմ միայն պարոն Սարգսյանի հետ: Պարոն Աբրահամյանը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինչ-որ բաներ ասել»:
Րաֆֆի Հովհաննիսյանը չկիսեց Հովիկ Աբրահամյանի տված գնահատականը, համաձայն որի` հացադուլը վերջնագիր է: Ասուլիսում Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե այն վերջնագիր է, ապա` այն ուղղել է ինքն-իրեն, ուրիշ ոչ ոքի եւ ամեն մեկը թող իր համար խոսի: «Որեւէ մեկը հռետորաբանություն պետք չէ, որ անի»,-ձեւակերպեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սպասում է առաջարկ Սերժ Սարգսյանից: «Ոչ»,-ի պատասխան հարցի` ասաց րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, միաժամանակ հավելեց նաեւ, որ պատրաստ է լսելու Սերժ Սարգսյանից առաջարկներ, եթե լինեն, սակայն դրանք, Հովհաննիսյանի ձեւակերպմամբ, պիտի լինեն համապետական նշանակության լուծումներ, որոնք թույլ կտան, որ ժողովուրդն ինքն իրեն տեսնի այդ լուծման մեջ` ժողովրդի իրավունքը պիտի արտացոլված լինի դրա մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նաեւ Ազատության հրապարակում նախաձեռնված ստորագրահավաքի մասին` շեշտելով, որ դա իր նախաձեռնությունը չէ: Քաղաքացիական նախաձեռնությանը, նրա փոխանցմամբ, արդեն միացել է 10 հազարավոր քաղաքացի: Առաջարկեց դրա հետ կապված այլ հարցերով դիմել նախաձեռնողներին: Ժառանգության ղեկավարն այսօր անդրադարձավ նաեւ ԵԺԿ դիրքորոշմանը` կապված հայաստանյան ընտրությունների հետ: Նա չբացառեց, որ ժառանգությունը հնարավոր է, որ վերանայի եվրոպական այդ ամենամեծ կուսակցությանն իր անդամակցության հարցը:

Ընդդիմադիր լիդերն ասաց, որ ձեւավորված Քաղաքացիական խորհրդի բոլոր նիստերին ինքը կմասնակցի, կլսի բոլոր առաջարկները, սակայն, դրանք կամփոփի եւ դրանց վերաբերյալ եզրահանգումներ կանի, երբ կայանան Քաղաքացիական խորհրդի առաջին 10 նիստերը: «Այն ժամանակ ես կկարողանամ համալիր մոտեցում տալ»` թեման եզրափակեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա կարծում է, որ Ազատության հրապարակը ստանում է նոր բովանդակություն եւ պարտադիր չէ, որ արտահայտվող բոլոր կարծիքների հետ համաձայն լինենք: Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական բաց խորհուրդը կշարունակի իր աշխատանքը, իսկ արդյունքները կամփոփվեն արդեն ուրբաթ օրը կայանալիք հավաքում:

Ցուցադրել ավելի
Back to top button