Հասարակություն

ՄԻՊ զեկույց 2013. Կոռուպցիոն դրսևորումներ` կրթական ոլորտում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված թերացումներն ու դրական զարգացումները։ Ստորև ներկայացնում ենք Պաշտպանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունը։

Կրթության և գիտության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
• Բազմաթիվ են եղել հանրակրթական, միջին մասնագիտական և, հատկապես, բարձրագույն ուսումնական համակարգում առկա կոռուպցիոն դրսևորումները:
• Արդյունավետ և բավարար քայլեր չեն ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման և ջեռուցման բարելավման համար:
• Առանձին դեպքերում Նախարարության կողմից, ըստ էության, քննության չեն առնվել նախարարության աշխատանքներում թերացումների վերաբերյալ քաղաքացիների դժգոհությունները, դիմում-բողոքները, մամուլում հրապարակված տեղեկությունները:
• Լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ ԲՈՒՀ-երում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա:
• Առկա են բազում չլուծված խնդիրներ` հանրակրթական բոլոր դպրոցներում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման առնչությամբ:
• Շարունակում է չլուծված մնալ ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման պատշաճ ապահովման խնդիրը:
• Խիստ մտահոգիչ է, որ ՀՀ կառավարության թիվ 554-Ն որոշմամբ 2012/2013 ուսումնական տարվա համար չեն նախատեսվել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ուսումնառության տեղեր մի շարք կրթական հաստատություններում, այդ թվում նաև` Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով:
• Առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի թիվ 597 որոշման և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների միջև:
• Դեռևս իր լուծումը չի ստացել գիտական աստիճան ունեցող անձանց աշխատավարձի հավելավճարի տրամադրման հարցը:

Արձանագրված դրական զարգացումները

• ՀՀ կառավարության 2012թ. դեկտեմբերի 27-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգը, ինչի արդյունքում հանրապետության տարածքում գործող շուրջ 700 դպրոցի տարրական դասարանների աշակերտներ ապահովվել են սննդով: 
• ՀՀ Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է Նախարարության նախաձեռնությամբ մշակված «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
• Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործում է 98 հանրակրթական դպրոց, որոնք իրականացնում են ներառական կրթություն: 
• ՀՀ կրթության և գիտության նախարարի` 21.11.2012թ N 1061-Ա/Ք հրամանով հաստատվել է «Հանրակրթական, այդ թվում` նախադպրոցական, ուսումնական հաստատություններում օգտագործվող ձեռնարկների փորձաքննության և գործածության երաշխավորման կարգը», որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման:

Ցուցադրել ավելի
Back to top button