Կիպրական տնտեսական ճգնաժամը վնասում է Ռուսաստանին


Կիպրական տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն կունենա ռուսական կապիտալի վրա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն իր մտահոգությունն է հայտնել՝ հայտարարելով, որ ավանդային հարկը, որը պատրաստվում է այս երկրի կառավարությունը մտցնել, վտանգավոր է եւ անարդար։
«Գնահատելով Կիպրոսում բանկային ավանդների լրացուցիչ հարկումը, Պուտինն ասել է, որ նման որոշումը, ընդունվելու դեպքում, կլինի անարդար, ոչ պրոֆեսիոնալ եւ վտանգավոր»,- լրագրողների հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կիպրոսի կառավարությունը Եվրամիության պահանջով նախատեսում է, որ մինչեւ 100 հազար եվրոյի ավանդները կհարկի 6,75 տոկոսով, իսկ ավելին՝ 9,9 տոկոսով։
Եվրոպական ԶԼՄ- ների տվյալներով՝ ռուս գործարարներն ու չինովնիկները Կիպրոսում պահ են տվել մոտ 26 մլրդ դոլար։ Եթե ավանդային հարկը մտցվի, ապա ռուսական կապիտալը 2 մլրդ դոլարից ավելի կորուստ կունենա։
Հաշվի առնելով, որ նման որոշումը կարող է կապիտալի արտահոսքի պատճառ դառնալ, Կիպրոսի Կենտրոնական բանկը տեղական բանկերին արգելել է իրականացնել բանկային ցանկացած փոխանցում։