ԿարևորՔաղաքական

Խորհրդարանի օրակարգում նախորդ ընտրություններն են՝ խորհրդարանական ընտրությունները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/03/180313aj.mp3
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը   հետընտրական իրավիճակը քննարկելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու հարցի շուրջ խորհրդարանական բանակցությունները  դեռևս տապալված չի համարում և պատրաստ է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ: 
« Ես հիմա էլ եմ պատրաստ, և նորից եմ հորդորում քաղաքական ուժերին՝ հավաքվենք, ևս մեկ անգամ քննարկենք»,- ասում է նա։
Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ավարտից հետո  ՀՀԿ, «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարները բանակցություններ էին վարում և փորձում էին  ձևակերպել այն օրակարգը, որով կարող են   հետընտրական իրավիճակը քննարկելու նպատակով արտահերթ նիստ հրավիրել:
«Ժառանգությունը»  3 հիմնական առաջարկ էր ներկայացրել՝ 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցում կատարելու նպատակով Ընտրական օրենսգրքի փոփոխություն և մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում, երկու տարվա ընթացքում սահմանադրական բարեփոխումների իրականացում և  ընդդիմությանը վերահսկողական լծակների տրամադրում։
Խորհրդարանակ ան մեծամասնության համար այս առաջրակներն ընդունելի չէին:
«Մենք ոչ թե դեմ ենք եղել արտահերթ նիստ գումարելուն և հարցը քննարկելուն, այլ մենք առաջարկ ենք արել այդ ձեր ներկայացրած հարցերից մեկի մեջ փոփոխություն անել: Բացի ձեզանից բոլոր մյուս խմբակցությունները, որ մասնակցել են բանակցություններին, համաձայնվել են, դուք չեք համաձայնվել»,- ասում է ԱԺ նախագահը։

Ռուբեն Հակոբյանը հայտարարեց,  որ «Ժառանգությունն» այլևս այդ բանակցություններին չի մասնակցի,  քանի որ խմբակցությունն իր  առաջարկներն արդեն արել է, իսկ խորհրդարանական մեծամասնությունը մերժելով դրանք, որևէ  այլ բան սեղանին չի դրել:

«Մենք էինք նախաձեռնել, դուք կարող էիք ուղղակի մերժել մեր ներկայացրած նախագիծը արտահերթ նիստում և ինքներդ ներկայացնեիք, թե այս լարված իրավիճակում ինչպիսի լուծումներ եք տեսնում, ինչ կարող է անել խորհրդարանը»,- ասաց Հակոբյանը։

«Ժառանգություն-ՀՀԿ երկխոսությունն այսքանով չավարտվեց: Այս պարզաբանումից հետո էլ , օրակարգը հաստատելու ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը սկսեց   Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակ ընթերցել:
Քանի որ ելույթը օրակարգին ու վարման կարգին չէր  վերաբերում, պատգամավորի խոսափոխն անջատեցին: Զարուհի Փոստանջյանը շարուրնակեց նամակն ընթերցել անջատված խոսափողի պայմաններում: Սա էլ արդեն հանրապետական պատգամավորների, մասնավորապես Մանվել Բադեյանի զայրույթը հարուցեց։
«Պարոն Աբրահամյան, խնդրում եմ օգտագործել ձեր լիազորությունները և նրան դուրս հանել դահլիճից։ Նա խանգարում է մեր աշխատանքին: Հակառակ դեպքում՝ ես կհեռանամ դահլիճից»:

Մանվել Բադեյանը չհեռացավ դահլիճից, և ոչ էլ Զարուհի Փոստանջյանը հեռացվեց, քանի որ նամակը, որ ընթերցում էր պատգամավորը, ավարտվեց, ինչից հետո խորհրդարանը մտավ աշխատանքնային  հունի մեջ: Քվեարկվեցին նախորդ քառօրյայի ավարտին քննարկված օրինագծերը, սկսվեց նոր օրինագծերի քննարկումը:
Ի դեպ՝ օրակարգային հարցերից մեկն այսօր ԿԸՀ հաղորդագրությունն էր ԱԺ 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների վերաբերյալ:
Հաղորդագրությունը, Ընտրական օերնսգրքի պահանջով, խորհրդարանին պետք է ներկայացվեր ավելի վաղ: Այժմ ներկայացվում է մի փուլում, երբ հետընտրական քննարկումներն ընթանում են ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական ընտրությունների շուրջ:   Ուշացումը, ի դեպ,  հանրապետական Հովհաննես Սահակյանի խոսքով, տեխնիկական պատճառներ ունի:
ԿԸՀ նախագահը ներկայացրեց մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրությունների կազմակերպման, անցկացման  մանրամասները, համառոտ վերլուծության ենթարկեց արձանագրված խախտումները, խոսեց Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին։
Քննարկումը, ըստ ընթացակարգի, միայն պատգամավորների հարցեր է  ենթադրում՝ առանց ելույթների: Ընտրական թեմայով քննարկումը խորհրդարանը կշարունակի վաղը: 

Ցուցադրել ավելի
Back to top button