ԿարևորՄշակույթ

Խուլիո Իգլեսիաս.«Ես եկա հայ ընկերներիս երկիրը, հայերը շատ ջերմ են»

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

«Երբ Մոսվայի օդանավակայանից ինձ ճանապարհում էին, ասացին, որ դու շատ ջերմ երկիր ես գնում, բայց ոչ թե նրա համար, որ եղանակն է տաք, այլ որ մարդիկ են շատ ջերմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը, ով Հայաստան է ժամանել  համաշխարհային հյուրախաղերի շրջանակներում եւ մարտի 18-ին համերգով հանդես է գալու Երեւանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մի շարք հետաքրքիր բացահայտումներ` աշխարհահռչակ, սիրված երգիչ Խուլուլիո Իգլեսիասի ասուլիսից: Իգլեսիասը Շառլ Ազնավուրին իր ավագ եղբայրն է համարում, կարծում է, որ ավելի լավ երգում է, քան` ֆուտբոլ խաղում, ռեալիստ է, իր երգերի միջոցով ստիպում է ուրիշներին երազել, սիրում է հայերին ու կարծում է, որ հայկական երաժշտությունը հոգուց է բխում, անշուշտ սիրում է կանանց, հայ հանդիսատեսի համար էլ երեգելու է հայերեն:

«Շառլ Ազնավուրն իմ մտերիմ ընկերն է, նրա հետ եմ մեծացել եւ ավելի քան 50 զուգերք ենք կատարել»,- ասաց Խուլիո Իգլեսիասը, հավելելով` «Շառլը կարծես իմ ավագ եղբայրը լինի»:
Այսպես սկսեց իր մամուլի ասուլիսը աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասը: Լրագրողներից մեկի հարցին, թե որն է կանանց սրտեր նվաճելու նրա գաղտնիքը` երգերը , թե՞ խարիզման, համեստորեն պատասխանեց.«Օ ոչ, ես նման հաջողություն չունեմ, չեմ կարծում, որ այդքան ցանկալի եմ: Սիորւմ եմ կանանց, եւ կարծում եմ, որ բոլոր կանայք զգում են երբ տղամարդը սիրում է իրենց»:

«Երգերը, դրանք իմ կյանքի մի մասն են, իմ ամբողջ կյանքը բաղկացած է այդ երգերից, հազարավոր երգեր եմ գրել ու բոլորն էլ կազմում են իմ կյանքի պատմությունը: Որեւէ կոնկրետ երգ նշել չեմ կարող առանձնացնել»,- ասաց: Եթե չլիներ 20 տարեկանում երգչի հետ տեղի ունեցած ավտովթարը, կշարունակեր արդյոք ֆուտբոլ խաղալ, լրագրողներից մեկի հարցին Իգլեսիասն այսպես պատասխանեց.«Ես երբեք լավ ֆուտբոլիստ չեմ եղել, խաղացել եմ Ռեալ Մադրիդում, սակայն ինձ չեմ համարում լավ ֆուտբոլիստ: Կարծում եմ, որ ավելի լավ երգում եմ, քան` ֆուտբոլ խաղում»:

Երկուշաբթի օրը անպայման երգելու եմ հայերի սիրած երգը, խոստացավ երգիչը: Պարզվում է, նա նախապես հետաքրքրքվել է , թե որ երգն են սիրում հայերը: Հայկական երգը բխում է հոգուց, հավելեց Իգլեսիասը. «Ես երգել եմ Ուկրաինայում, Ռուսաստանում, վաղը կերգեմ Հայաստանում, 3 օր հետո` Դումաբյում, Շանհայում, Կորեայում, Բրազիլիայում եւ աշխարհի շատ երկրներում: Ուզում եմ ասել, որ հոգին ազգություն չունի, քանի որ ես միշտ հոգով եմ երգում: Եվ այստեղ էլ, կփակեմ աչքերս, կպատկերացնեմ , որ տիեզերքում եմ ու կերգեմ հոգով: Հայ ժողովուրդը ամբողջ կյանքում պայքարել է, հայկական երաժշտությունն էլ է բխում հոգուց»:

Մարդիկ սովորաբար մտածում են, թե մենք երգիչներս երազկոտ ենք, ոչ , դա այդպես չէ: Իրականում մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երգերի միջոցով ուրիշներին ստիպենք երազել: Իգլեսիասն ասաց, որ ռեալիստ է դարձել 17 տարեկանից: Նա պարզապես նպատակ է դրել ու հասել իր նպատակներին, իրեն երազկոտ մարդ չի համարում:
Եվ վերջում Խուլիոն Իգեսիասը կիսվեց իր տպավորություններով. «Ուզում եմ ասել, թե որն է եղել իմ եւ ինձ ուղեկցող խմբի առաջին զգացողությունը, երբ Հայաստան եկանք: Հաճելի մարդիկ են հայերը»,- ասաց. «Երբ ինձ ճանապարհեցին Մոսկվայից, ասացին, որ դու գնում ես մի տաք երկիր, ու ոչ թե եղանակի, այլ ժողովուրդի ջերմության առումով:

Թեւե երբեւէ չեմ եղել Հայստանում, բայց իմ հայ ընկերների շնորհիվ շատ լավ եմ ճանաչում Հայաստանը, եւ հայերի հայացքները, աչքերը ինձ մի փոքր մելանխոլիկ բան է հիշեցնում, որը նաեւ կա իմ երկրում: Եվ սա շատ հաճելի է, որովհետեւ մելանխոլիկությունը խոցելիության քույրն է, իսկ երբ անձը խոցելի է, նշանակում է, որ անձը հերոսական վերաբերմունք ունի կյանքի հանդեպ»:

Ցուցադրել ավելի
Back to top button