ԿարևորՔաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունը մտածում է էթիկայի հանձնաժողովից իր անդամներին հետ կանչելու մասին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ էթիկայի հանձնաժողովը խորհրդարանի երիտասարդ կառույցներից է. այն ձևավորվեց ու սկսեց աշխատել 5-րդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի ընթացքում: Ակնկալիքներն այս հանձնաժողովից մեծ էին. այն պետք է քննության առներ պատգամավորի էթիկայի կանոնների խախտման, շահերի բախման առկայության հարցերը:

Գարնանային նստաշրջանի մեկնարկին արդեն խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ էթիկայի հանձնաժողովից որևէ ակնակլիք չունի: Ավելին ՝ աննպատակահարմար է համարում իր անդամների մասնակցությունը: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն արդեն հայտարարել են, որ մտածում են հանձնաժողովից իրենց անդամների հետկանչի մասին, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն նույնպես բոյկոտը չեն բացառում:

Աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի հանձնաժողովը ընդամենը մեկ որոշում կայացրեց: Հրապարակված առաջին եզրակացությունը վերաբերում էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Էթիկայի հանձնաժողովը որոշեց, որ նա խախտել է պատգամավորի էթիկայի վարքականոնը,և այս մասին հայտարարվեց ԱԺ ամբիոնից:

Վարույթում գտնվող մյուս երեք դիմումների վերաբերյալ հանձնաժողովը որոշում կայացրեց արդեն այս տարվա ընթացքում: Փետրվարի սկզբին, անդրադառնալով արտահերթ նիստից 83 պատգամավորների բացակայության հարցին , հանձնաժողովը որոշեց, որ մեծամասնության ացակայության մեջ էթիկայի կանոնների խախտում չկա: Ավելի ուշ անդրադարձավ Մհեր Սեդրակյանին վերաբերող դիմումին. քննության առնելով պատգամավորի և Ա1+ի լրագրողի միջև ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը ՝ հանձանժողովը էթիկայի կանոնների խախտում արձանագրեց:

Եվ վերջապես վերջին նսիտում կարճեց ԲՀԿ –ական պատգամավոր Միքայել Մելքումյանին վերաբերող վարույթը: Հանձնաժողովին ներկայացվել էր այն տեսանյութը, որտեղ ԲՀԿ-ական պատգամավորը խոսում է իր տարածքների, դրանք վարձակալության տալու պայմանների մասին: Հանձնաժողովը ներկայացված տեսանյութաը էթիկայի կանոնները խախտելու մասին փաստական հիմք չհամարեց: ի դեպ, փորձագետները հենց այս դիմումն էին հանձնաժողովի իրական փորձաքարը համարում, նշելով, թե դրանով է հանձնաժողովը բացահայտելու կարողության իրական աստիճանը:

Առայժմ այս 4 որոշումներն է հասցրել կայացնել էթիկայի հանձնաժողովը: Պարզվում է այսքանն արդեն բավական էր հանձնաժողովից հիասթափվելու համար: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ ՀԱԿ-ի մասնակցությունն այս կառույցի աշխատանքին այլևս ինքնանպատակ է:
«Մենք քննարկում ենք մեր ներկայցուցչին հետ կանչելու հարցը: Եթե կար մի մարմին, որտեղ քաղաքացին կարող էր դիմում գրել, բողոք ներկայացնել պատգամավորների էթիկայի հետ կապված դեպքերի մասին, կարող էր լինել վերահսկողություն, ապա այդ մարմինն այսօր չկա»:

ՀՅԴ-ն նույնպես մտածում է իր մասնակցությունը շարունակելու նպատակահարմարության մասին: Արծվիկ Մինասյանն ասում է, որ որ խմբակցությունը տեսնում է հանձնաժողովի քաղաքականացման հետևանքերը: «Առաջիկայում դուք կտեսնեք, որ ընդդիմադիր խմբակցությունների մասնակցությունը այս հանձնաժողովւմ ձևական բնույթ է ունենալու և որևէ օգուտ չի տալու»:

Հանրապետական Դավիթ Հարությունյանի հայացքով էլ ոչ թե հանձնաժողովի գործունեությունը, այլ մասնակցությունը վերանայելու մասին կոչերն են քաղաքական: Նրա կարծիքով ՝ ջրբաժանը արտահերթ նիստից մեծամասնության պատգամավորների բացակայության քննարկումն էր:

Ցուցադրել ավելի
Back to top button