Հասարակություն

Սինոփսիս Արմենիա ընկերությունը հյուրընկալել է ՀՊՃՀ ավագ դպրոցի աշակերտներին

Այսօր, մարտի 15-ին ժամը 14:00-ին Սինոփսիս Արմենիա ընկերությունը հյուրընկալել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) Ավագ դպրոցի աշակերտներին՝ հիմք դնելով երկրի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված մի նոր նախաձեռնության: Նախաձեռնության նպատակն է մեծացնել տեխնիկական հակում ունեցող երիտասարդների մեջ միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հանդեպ հետաքրքրությունը և խանդավառել երիտասարդներին դպրոցական տարիքից ընտրելու ՏՀՏ ոլորտը: Հայաստանի տեխնիկական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների աշակերտների ճանաչողական այցերը Սինոփսիս Արմենիա ընկերություն կունենան ամենամսյա բնույթ:

ՀՊՃՀ Ավագ դպրոցի աշակերտներին ողջույնի խոսքով ընդունել է ընկերություն տնօրեն Հովիկ Մուսայելյանը. «Այսօր ձեր՝ Սինոփսիս Արմենիայում գտնվելը շատ կարևոր խորհուրդ ունի: Հնարավոր է, որ հենց այս այցը դառնա ձեր ապագա մասնագիտության ընտրության առիթը: Մեր երկրի ապագան նորարարությունների զարգացումն է: Օգտագործե՛ք ձեր մտավոր  կարողությունները այդ նորարարական ապագան կերտելու համար»:

Ողջույնի խոսքին հաջորդել է շրջայց ընկերության ճարտարագիտական դեպարտամենտներից մեկում, որտեղ երիտասարդները հնարավորություն են ունեցել ազատ շփվել ճարտարագետների հետ բարձր տեխնոլոգիաների արտադրական միջավայրում և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխաններ: Այնուհետև աշակերտներն այցելել են Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտ(ՍԱՈՒԴ), որտեղ նրանք հանդիպել են ՀՊՃՀ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի և Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ: Այնուհետև նրանք ծանոթացել են ՍԱՈՒԴ-ի կրթական միջավայրին, որին հաջորդեց ՍԱՈՒԴ-ի տնօրեն, պրոֆեսոր Վազգեն Մելիքյանի հակիրճ տեղեկատվական ներկայացումը ՍԱՈՒԴ-ի գործունեության վերաբերյալ:

«Կարծում եմ աշակերտների նմանատիպ այցերը կնպաստեն նրանց մոտ միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ինչը կլուծի երկակի կարևորության խնդիր՝ նրանց մասնագիտորեն կկողմնորոշի դեպի նորագույն տեխնոլոգիաների առաջատար ուղղություն, իսկ վերջինս ապագայում կհարստանա առաջադեմ և թարմ մտածելակերպով օժտված մասնագետներով», — ասել է պրոֆ. Վազգեն Մելիքյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սինոփսիս Արմենիային մեզ հյուրընկալելու համար: Ինձ շատ դուր եկավ այս միջավայրը, որտեղ մարդիկ աշխատում և սովորում են: Ես շատ ոգևորված եմ և լի եմ խանդավառությամբ ուսումս շարունակելու այնպես, որ ապագայում կարողանամ դառնալ ընկերության աշխատակից», — ասել է է 11-րդ դասարանի աշակերտ Չատիկյան Սարգիսը:

Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորմամբ մասնագետներով ապահովելու նպատակով 2004 թ. ի վեր Սինոփսիս Արմենիան ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում և հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (ԵՏԱ), ինչպես նաև Ռուսաստանի Էլեկտրոնային տեխնիկայի ազգային հետազոտական համալսարանի (ՄԷՏԻ) հետ: Ընկերությունը նաևհետևողականորեն խթանում է հասարակության հետաքրքրությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի նկատմամբ՝ հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին և աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը, անցկացնելով երիտասարդ մասնագետների և ուսանողների մրցույթներ, ինչպիսին է Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի հայաստանյան օլիմպիադան:

Ցուցադրել ավելի
Back to top button