Քաղաքական

Հայրիկյանն այնքան էլ չի հավատում, որ մահափորձն էպոսագետն է պատվիրել

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը շարունակում է հետվիրահատական բուժում ստանալ  Կարմիր խաչի կենտրոնում: Ինչպես խոստովանեց` արդյունքներից բավականին գոհ է, թեև երբեմն սուր ցավեր է ունենում ու աջ ձեռքի մատներն էլ մեծ դժվարությամբ է կարողանում շարժել: Տարբեր մասնագետներ լիովին ապաքինման տարբեր ժամկետներ են նշում, բայց Հայրիկյանին հատկապես տխրեցրել է այն տեսակետը, որ բուժումը կարող է ձգվել մինչև 8 ամիս:

Փամփուշտը վնասել է Պարույր Հայրիկյանի նյարդային համակարգը ու չի բացառվում, որ ԱԻՄ առաջնորդը բուժումը շարունակի արտասահմանում:

Հայրիկյանին բացի իր առողջական վիճակից շատ է անհանգստացնում նաև իր բացակայությունը քաղաքական դաշտում: Ու թեև ինքն այժմ չի մասնակցում քաղաքական անցուդարձերին, այդուհանդերձ՝ հետևում է բոլոր զարգացումներին:

Հիշեցնենք, որ Հայրիկյանի գործով կան 3 ձերբակալվածներ: Սակայն վարկածին, թե մահափորձը պատվիրել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Հայրիկյանն այնքան էլ չի հավատում: ԱԻՄ առաջնորդը չի բացառում, որ Վարդան Սեդրակյանը կարող էր պարզապես միջնորդ օղակ լինել:

Ամեն դեպքում՝ Պարույր Հայրիկյանը չի հուսահատվում, քանի որ ապաքինվելուց հետո մեծ ծրագրեր ունի: Դրանցից առաջինը «Ժողովրդավարության ներկան ու ապագան» գրքի տպագրությունն է։ Գիրքն առայժմ էլեկտրոնային տարբերակով է եւ հասանելի է միայն  համացանցում։

Back to top button