ԿարևորՔաղաքական

Կստեղծվի 2008- ի մարտի 1- 2- ի իրադարձությունները ուսումնասիրող հանձնաժողով

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանության է արժանացրել 2008թ. մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ  խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների առաջարկը:
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ առաջարկը քննարկվել էր դեռ նախորդ տարեվերջին. որոշում չէր ընդունվել, փոխարենը ձեռք էր բերվել պայմանավորվածություն հարցին նախագահական ընտրություններից հետո անդրադառնալու մասին:
Բացի այդ՝ խորհրդարանական մեծամասնությունը մի քանի նախապայման էր ներկայացրել՝ խոստանալով դրանք ընդունելու դեպքում հավանության արժանացնել ՀԱԿ առաջարկը:  Կոմպրոմիսն այսօր կայացավ. նախագծի հեղինակներից Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը մեծամասնության առաջարկները հաշվի է  առել։
Մասնավորապես՝ վերանայվել է հանձնաժողովի կազմավորման սկզբունքը: Ի սկզբանե հեղինակներն առաջարկում էին հանձնաժողովում ընդգրկել մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր խմբակցությունից։
«
 Նախորդ քննարկման ժամանակ այստեղ առարկություններ հնչեցին, թե խորհրդարանական ենթադրյալ ընդդիմությունն այդ դեպքում հանձնաժողովում մեծամասնություն կունենա: Ես ընդունել եմ այդ առարկությունը: Հիմա ձևավորման հիմքում այն մեխանիզմն է, որը կա էթիկայի հանձնաժողովում»:

Ըստ այդ մեխանիզմի՝ հանձնաժողովը կունենա 7 անդամ, 3+3+1 սկզբունքով. ՀՀԿ-ն ներկայացված կլինի երկուական, մյուսները  մեկական ներկայացուցիչներով: Արդյունքում՝ կոալիցիոն կուսակցությունները հանձնաժողովում կունենան 3 անդամ, նույնքան անդամով կներակայանան ընդդիմադիր խմբակցությունները, մեկ ներկայացուցիչ էլ հանձնաժողովում կունենա ԲՀԿ-ն:
Նախագծի հեղինակները վերանայել են նաև հանձնաժողովի կողմից ներկայացվելի եզրակացության հրապարակման ժամկետը: Այժմ առաջարկվում է այդ եզրակացությանը սպասել դեկտեմբերի առաջին քառօրյայի ընթացքում:
Մեծամասնության առաջադրած նախապայմաններից մեկն էլ այն էր,  որ հանձնաժողովի ստեղծման հիմնավորումները չպարունակեն  քաղաքական գնահատականներ:

«Ես ձգտել եմ հավելյալ քաղաքական ենթատքստեր չդնել: Հարցը ինքնին քաղաքական է, որքան էլ փորձենք իրավական հարթության մեջ մնալ: Եթե վերջում միայն մասնագիտականներ տանք, միևնույնն է, դրանք քաղաքական ենթատեքստ ունեն»,- ասում է Գագիկ Ջհանգիրյանը։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամների  հեղինակած որոշման նախագծով, հիշեցնեմ, առաջարկվում է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի և կգնահատի 2008 թ. մարտի 1-2-ի  իրադարձությունների առնչությամբ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների,  կայացրած որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը:
Ըստ Գագիկ Ջհանգիրյանի ՝ հանձնաժողովը չի զբաղվելու նոր փաստերի հայտնաբերմամբ, փորձելու է ուսումնասիրել ու գնահատել  եղածները՝ անհրաժետրության դեպքում պարզաբանումներ պահանջելով  իրավապահներից։

Ի՞նչ եք ակնկալում հանձնաժողովի գործունեությունից՝ Գագիկ Ջհանգիրյանին հարցրեց պետաիրավական հանձնաժողովի հանրապետական անդամ Լևոն Մարտիրոսյանը:

«Ակնկալում եմ, որ այս հանձնաժողովի գործունեության արդյունքում կարող ենք տեղից շարժել  տասը սպանություններից առնվազն հինգ-վեցի նախաքննությունը»:

Պետաիրավական հանձնաժողովի անդամ չէ, բայց նիստին մասնակցում էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նպատակը այս հարցում «Բարգավաճ Հայաստանի» դիրքրոշումը հստակ ներկայացնելն  էր:

«ԲՀԿ-ն միանշանակ կողմ է, որ նման հանձնաժողով ստեղծվի: Մեզ համար իրապես կարևոր է, որովհետև տարբեր քաղաքական թափոններ ու նրանց ենթակայության տալ աշխատող տաբեր թերթոնիկներ անընդհատ փորձում են մարտի 1-ի կոնտեքստում շահարկել ԲՀԿ-ի անունը»:

Հանրապետական Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ հանձնաժողովը փորձարկելու է  խորհրդարանի քաղաքական հասունությունը, փորձելու է բացահայտել ճշմարտությունը։
«Եթե մենք խնդիր ունենայինք չգնալու  այդ ճանապարհով, կարող էինք բացահայտ հայտնել մեր կարծիքը։ Օրինակ՝ ասել, որ մենք չենք տեսնում նման քաղաքական մշակույթ ձևավորելու հենք։ Անկեղծ ասած՝ հոգում խորքում ես վերջնական համոզվածություն չունեմ, որ  դա մեզ կհաջողվի: Բայց չփորձել չենք կարող: Հանրապետականը համարում է, որ բաց թողնել հերթական հնարավորությունը, անթույլատրելի է»:

Հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մյուս մանրամասները՝ երբ կսկի գործել, նիստերը դռնփա՞կ կլինեն, թե՞ ոչ, կորոշվեն ԱԺ լիագումար նիստերի ընթացքում քննարկվելու ժամանակ: Հարցն առայժմ նստաշրջանի ու քառօրյա նիստերի օրակարգում է։

Ցուցադրել ավելի
Back to top button