ԿարևորՀասարակություն

Եթե գիտես անելիքդ, կարեւր չէ, թե ցուցակի որերորդ համարն ես. Լեւոն Իգիթյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Ոչինչ կանխորոշված չէ եւ դա ցույց է տալիս կյանքը` այս կարծիքն է այսօր հայտնել Երեւանի ավագանու անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը` լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսելով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքով` ամենակարեւոր հարցն այն է, թե ինքդ ինչ դիրքորոշում ունես կյանքում եւ որքանով ես տեր քո այդ դիրքորոշմանը:

Իգիթյանը որեւէ կուսակցության անդամ չէ: Ասաց, որ պարզապես կուսակցություններից մեկն իր կարիքը զգացել է եւ իրեն կրկին առաջարկել, որ ընդգրկվի Երեւանի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակում: Խոսքը իշխող Հանրապետական կուսակցության մասին է: Բանախոսն ասաց, թե չի ընդունում տարանջատումները, այն վիճակը, երբ ամեն անձի ամբիցիան կուսակցություն է դառնում, ինչը հիվանդություն է եւ բուժելու խնդիր կա: «Էս փոքր երկրում էսքան կուսակցությունը հումոր է: Բոլորն ուզում են նաչալնիկ լինել»,-հեգնեց ճարտարապետը: Լեւոն Իգիթյանն ասում է, թե ինքը «թամաշայի» մարդ չէ եւ որեւէ մեկի հետ վիճելու խնդիր չունի, ունի իր դիրքորոշումները:

«Երբ որ ինքը վեճը իմաստ չունի` ես մնում եմ իմ կարծիքին, ինքը` իրա կարծիքին, հետեւաբար` էդ թամաշան ինչի համար ա: Չեմ հասկանում ընդհանրապես»:

Լեւոն Իգիթյանի խոսքով` ծնվել եւ մեծացել է Երեւանում, գիտե այստեղի բոլոր գրված ու չգրված օրենքները, որոնք գնալով նվազում են, ինչի համար Իգիթյանն ասաց, թե ցավում է, քանի որ դրանք օգնում էին, որ ամեն մարդ իմանար իր տեղն ու չափը: Դա էլ իր հերթին, Իգիթյանի խոսքով, հարմոնիա էր ստեղծում քաղաքում եւ դա դառնում էր քաղաքի վերաբերյալ տպավորություն` բոլորի մոտ: Իգիթյանը պայքարել բառը չի կիսում: Ասաց, որ պարզապես ինքը ունի իր տեսակետները եւ ասաց, թե քաղաքում թշնամի էլ չկա, որի դեմ պայքարենք: «Տեսակետների բախումը մարդկանց բախում չպիտի լինի»:

Լեւոն Իգիթյանն իրեն քաղաքական գործիչ չի համարում, ասաց, որ որպես ավագանու անդամ բազում խնդիրների վերաբերյալ նամակներ է ստացել, որպես կանոն դրանց հետամուտ լինելիս հասել է իր նպատակին, սակայն հասկացել է մեկ բան` խնդիրները միայն քաղաքապետարանի աշխատողներինը չէ, այլ բոլորինը, քանի որ, ըստ Իգիթյանի, դրանք համակարգային են:

Եթե ինչ-որ գործում նշանակվում ես, ընտրվում, պիտի աշխատես` շեշտեց ճարտարապետը: Նա հիշեց նաեւ այնպիսի գործեր, որոնք կատարվել են իր մասնակցությամբ: Օրինակ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեկ անգամ շատ հպանցի ասել է ժամանակակից արվեստի թանգարանի խնդրի մասին, որը տարիներ շարունակ գոյություն է ունեցել: Դրանից հետո այն լուծվել է շատ կարճ ժամանակահատվածում եւ հիմա Իգիթյանը հպարտորեն նշում է, որ իր մասնակցությամբ փրկվել են մեծերի շատ գլուխգործոցներ, ինչը Երեւանի ավագանու անդամը համարում է մեծ նվաճում: Նա կարեւորեց նաեւ գեղարվեստական խորհրդի ձեւավորումը, որի գործունեությունը որեւէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Լեւոն Իգիթյանը ավագանու ընտրությունների թեման եզրափակելով` շեշտեց, թե երբ նպատակ ունես եւ գիտես, թե ինչի համար ես դառնում ավագանի` կարեւր չէ, թե ցուցակի որերորդ համարն ես:

Ցուցադրել ավելի
Back to top button