Մշակույթ

Արամայիս Սահակյանին կհուղարկավորեն Երեւանի քաղաքային պանթեոնում

Անվանի բանաստեղծ, հրապարակախոս Արամայիս Սահակյանի թաղման կառավարական հանձնաժողովը հայտնում է, որ գրողի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 16-ին ժամը 18:30-20:30-ը` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ/:

Վերջին հրաժեշտը՝ մարտի 17-ին ժամը 12:00-14:00-ն՝ Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին՝ Երևանի քաղաքային պանթեոնում:

Հայտնի գրող, բանաստեղծ, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը կյանքից հեռացավ երկարատեւ հիվանդությունից հետ կյանքի 77- րդ տարում՝ մարտի 14- ին։

Նա ծնվել է 1936 թ. մայիսի 24-ին՝ Արծվաշեն գյուղում /Բաշքենդ/: Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը,  1967 թ. մասնակցել է նաև Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին։
Աշխատել է «Ավանգարդ» թերթում /1960-1965 թթ./, «Գարուն» գրական ամսագրում /1967-1970 թթ./, ՀԼԿԵՄ կենտկոմում /1970-1971 թթ./, ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում /1971-1977 թթ./, 1982 թ-ից եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, աշխատել է նաև Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերությունում, որտեղ շուրջ 10 տարի ղեկավարել է «Ծիծաղի տուն» սիրված հաղորդաշարը, Հայաստանի գրողների միության անդամ է /1958 թ-ից/, ՀՀ Ազգային Ժողովի առաջին գումարման պատգամավոր:
Արամայիս Սահակյանը 40-ից ավելի գրքերի հեղինակ է, որոնց թվում են «Աստղիկներ» (1958 թ.), «Սիրո հասակ» (1959 թ.), «Մենք միասին ենք» (1964 թ.), «Ապրել և սիրել» (1968 թ.), «Երջանիկ եղեք» (1972 թ.), «Ես սիրում եմ ձեզ» (1975 թ.) գրքերը: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են հայկական և համամիութենական մամուլում: Բազմաթիվ երգերի տեքստերի հեղինակ է, թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով
, զբաղվել նաև թարգմանչությամբ:

Արամայիս Սահակյանը եղել է Հումանիտար գիտությունների միջազգային ակադեմիայի անդամ , արժանացել է Մովսես Խորենացու մեդալի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի եւ Նանսենի անվան ոսկե մեդալի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, «Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ» եկեղեցական պարգևի, ՀԺՄ «Ոսկե գրիչ», Ավետիք Իսահակյանի անվան գրական, Վահան Թեքեյանի անվան երգիծական և ՀԼԿԵՄ մրցանակների։                                                                                                                        

Ցուցադրել ավելի
Back to top button