ԿարևորՄշակույթ

Վերջին հրաժեշտ`մեծագույն արվեստագետ Հակոբ Հակոբյանին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կոմիատասի անվան զբոսայգու պանթեոնում, հայ մեծերի կողքին այսօր իր վերջին հանգրվանը գտավ նաև մեր ժամանակների մեծագույն արվեստագետ Հակոբ Հակոբյանը: Նա ծնվել էր 1923թ-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1962 թ-ից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Հինգ տարի բնակվել Լենինականում (այժմ` Գյումրի), ապա տեղափոխվել Երևան: Անհատական ցուցահանդեսներով Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՊՀ երկրների մի շարք քաղաքներում: Արժանացել է Հայաստանի պետական մրցանակի և ժողովրդական նկարչի կոչման, ոսկե մեդալի` Անդրկովկասի առաջին բիենալեում, ԽՍՀՄ պետական մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» պետական շքանշանի,Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Սբ.Սահակ» և «Սբ. Մեսրոպ» շքանշանների:

«Ես ամեն օր պիտի նկարեմ, որովհետև միշտ նկարելու բան կա: Պատկառելի տարիքն անգամ չէր ստիտում մտածել մահվան մասին: Մտքում միայն աշխատանքն էր, նոր պատկերները, որոնք վերջին տարիներին ոչ միայն կտավի այլև քանդակների էին վերածվում: Հայաստանում նրա մասին իմացան միայն 60-ականներին, բայց Եգիպտոսում ծնված, Մելքոնյան վարժարանում, ապա Կահիրեի ու Փարիզի ակադեմիաներում ուսանած նկարիչն արդեն միջազգային փառատոնների ու ցուցահանդեսների մասնակից էր: Հայրենիքում ապրելու տարիների երազանքն իրականացրեց 1962 թվականին: Ընտանիքով տեղափոխվեց Հայաստան ու բոլորի համար բացահայտեց նոր Հայաստան, Հակոբ Հակոբյանի Հայաստանը:

«Ավելին երբեք չեմ ցանկացել, միայն նկարել, նկարներս վաճառել, ուրիշի ձեռքի տակ չաշխատել: Երջանիկ էր, որ երկար տասնամյակներ արդեն ուներ իր արվեստանոցը, ուր նրա աշխարհն էր, ստեղծագործությունները ` իր նման լուռ, խորը և տարողունակ: Նրա լռության մեջ էլ անգամ ասելիք կար, հակոբ Հակոբյանի ներկայությունն ամենուր պատկառանք էր ներշնչում: Նկարչի հակիրճ խոսքն անգամ սթափեցնող էր: դա մտավորականի խոսք էր: «Քանի դեռ քիչ ենք, փոքր ենք, մեզ խփելու են, որովհետև փոքրին չեն սիրում, փոքրից չեն վախենում: մենք պիտի շատանանք ու միասին լինենք, մեր հողի վրա ապրենք, մեր հողի վրա ամրանանք»,-ասում էր Հակոբ Հակոբյանը: «Նա մարդ էր, ում անունով նկարիչներս երդվում էինք»,-խոստովանում է նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Նկարչությունը նրա համար պարզապես միջոց էր բացահայտելու մարդկային հոգու գրավչությունը: Աներևակայելի զսպվածությամբ հանդերձ նրա նկարչության մեջ նաև աներևակայելի խորություններ կան»,-կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերն են:
« Նրա ձեռագիրն անկրկնելի է և այդ ձեռագրի մասին կարելի դատել միայն զգացմունքներով, որոնք փոխանցում են Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները: Դրանք մեր հոգուն բերում են անդորր, հանգստություն, երջանկության ինչ որ արտասովոր զգացողություն, նույնիսկ եթե պատկերում են Գյումրիի ամայի փողոցները»,-ասում է արվեստաբան Մարինա Ստեփանյանը:

Բարկանում էր, երբ իր մասին ասում էին` դուք մեծ նկարիչ եք: «Բա մեծերն ինչ ըսեն» արձագանքում էր: Առանձնացրել էր հայ գեղանկարչության ամենամեծերի իր եռյակն ու երազում էր Երևանում տեսնել` Սարյանի, Կալենցի ու Մինասի ընդհանուր թանգարանը: «Այդ թանգարանով կարողեն ճանաչել որն է իրական հայ գեղանկարչությունը»,-համոզված էր Հակոբ Հակոբյանը: Նույն վստահությամբ նրա արվեստի երկրպագուները ևս կարող են պնդել` Հակոբ Հակոբյան նկարչի ձեռագրում կարելի է բացահայտել իրական հայ գեղանկարչությունն ու ճանաչել իրական Հայաստանը` նրա նման լուռ, խորը և տարողունակ:

Back to top button