ԿարևորՏնտեսական

Ապրիլի 3- ից կգործի Երեւան- Վան չվերթը, տոմսի արժեքը 104 հազար դրամ

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Տուրիստական սեզոնի մեկնարկին ընդառաջ հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից սկսում է գործել Երևան-Վան-Երևան ավիաչվերթը: Եթե ցամաքային ճանապարհով Երևանից Վան հասնելը Վրաստանի տարածքով տևում է 20 ժամ, ապա օդանավով` ուղիղ չվերթով ուղևորությունը կտևի 40 րոպե։
Այս նախագծի իրականացմանը մեծապես նպաստել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ինչպես հայտնեց միության նախագահ Արսեն Ղազարյանը, չվերթի բացմանը նախորդել է հայ-թուրքական համատեղ ծավալուն լուրջ աշխատանք:

Նախապատրաստական ժամանակահատվածում բազմիցս հանդիպել են երկու երկրների գործարարները, և այս շփումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել  Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթի վերաբերյալ:

Չվերթը կազմակերպել են Հայաստանյան «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ» և թուրքական «ԲՈՐԱ ՋԵԹ» ընկերությունները: Չվերթերը կիրականացվեն  եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով, որոնք պատկանում են թուրքական կողմին:
Բացի բուն չվերթից նախատեսված են նաև տուրիստական ամբողջական փաթեթներ՝ 3,4 և 7 օրով, որոնց արժեքը լինելու է 180 հազար դրամից սկսած՝ ներառյալ ավիատոմսերը, սնունդը և հյուրանոցները։
Ինչպես հայտնեց «ՆԱՐԵԿԱՎԱՆՔ ՏՈՒՐ»  ընկերության համահիմնադիր Արմեն Հովհաննիսյանը, մինչ օրս Թուրքիայում հայ զբոսաշրջիկները անվտանգության հետ որևէ խնդիր չեն ունեցել:

Հավելենք, որ ապրիլի 3–ից շաբաթական երկու անգամ կլինեն ուղիղ չվերթեր Երևանից Վան և հակառակ ուղղությամբ։Երևան–Վան–Երևան չվերթի միայն տոմսի արժեքը կլինի 104 հազար դրամ, իսկ առաջին ամսվա համար լինելու է 83 հազար դրամ։  Մուտքի արտոնագիրը արժե 15  դոլար:

Ցուցադրել ավելի
Back to top button