Հասարակություն

Քննարկվեցին հայկական ինքնության հիմնախնդիրները

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Երևանի պետական համալսարանում մեկնարկեց «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով երկօրյա գիտաժողովը, որը անց է կացվում  Սփյուռքի նախարարության և Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ համատեղ։ Միջոցառման ընթացքում քննարկվում են հայկական ինքնության արդի հիմնախնդիրները և ճշտվում Հայաստան-Սփյուռք գործակցության հնարավոր ուղիները:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը գիտաժողովը խիստ արդիական բնութագրեց թե պետական, թե ազգային համատեքստում:

Հայ ինքնության պահպանման խնդիրը հատկապես սուր է զգացվում Սփյուռքում, և ժամանակի ընթացքում դառնում է լուրջ մարտահրավեր հայկական գաղթօջախների համար: Միևնույն ժամանակ՝ առկա է կրոնափոխված և ծպտյալ հայերի հայադարձությունը, նկատեց նախարարը:

Լիբանանահայ մտավորական Արմենակ Եղիայանը, ով արևմտահայերենի դասագրքերի հեղինակ, իր հերթին մտահոգ է լեզվի, որպես Սփյուռքում ազգային ինքնության կարևոր լծակի պահպանման հարցով: Նա ցավով փաստեց, որ Սփյուռքի կրթօջախներում նվազել է հայոց լեզվի հանդեպ ուշադրությունը:

Պատճառների թվում է ոչ միայն դպրոցների շրջանավարտների մեջ մայրենիի պահպանման և փոխանցման հարցում հետևողականության ոչ բավարար մակարդակն է, այլ նաև մանկավարժների պակասը, որը օրըստօրե ավելի շոշափելի է դառնում:
Մտավորականը խոստովանեց, որ Սփյուռքը կարիք ունի հայերենով բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած երիտասարդների, և այս հարցում ակնկալում է հայրենիքի գործուն աջակցությունը:

Հավելենք, որ այս գիտաժողովի ավարտին տեղի կունենա «Սփյուռքագիտություն. տեսության և պատմության հարցեր» տարեգրքի շնորհանդեսը: Տարեգրքում զետեղված են 2011 թ-ին Բեյրութում տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք գործակցություն. երեկ, այսօր և վաղը» խորագրով գիտաժողովի զեկույցները:

Ցուցադրել ավելի
Back to top button