ԿարևորՔաղաքական

Վաղը ՍԴ-ն կհրապարակի իր որոշումը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր շարունակել է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությունը: Այսօրվա նիստում պատասխանող կողմի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ներկայացուցիչը շարունակել է պատասխանել Անդրիաս Ղուկասյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչների հարցերին: Հարցեր ուղղվել են նաեւ երրորդ կողմին` Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին: ՍԴ-ում այսօր դիմողների բերած փաստերի եւ տեղեկությունների վերաբերյալ առարկություններով են հանդես եկել հարակից պատասխանողները` ոստիկանության ու դատախազության ներկայացուցիչները:

ՍԴ այսօրվա նիստում նախագահող Գագիկ Հարությունյանը մի քանի անգամ ստիպված եղավ զգուշացնել կողմերին, որ հարցուպատասխաններում դուրս չգան քննության առարկայի, այն է` ԿԸՀ որոշմանն առնչվող հարցերի շրջանակներից: Պատասխանող կողմին` ԿԸՀ ներկայացուցիչ Տիգրան Մուկուչյանին, ինչպես նաեւ ՍԴ-ում որպես երրորդ կողմ ընդգրկված, Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանին հարցեր ուղղեցին դիմող կողմից` նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Կարեն Մեժլումյանը:

Լրագրողների հետ զրույցում ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ՍԴ նիստում իրեն ուղղված հարցերին գնահատական չտվեց` նկատելով, որ դատական գործընթաց է եւ յուրաքանչյուր կողմը փորձում է իր հարցերով բացահայտել եւ ամրապնդել իր փաստարկները:

Դավիթ Հարությունյանի խոսքով` ամենասխալ բանն այն է, երբ մի կողմը սկսում է գնահատել մյուսի տված հարցերը: Յուրաքանչյուր կողմ ինքն է որոշում ինչ հարցեր տա` ասաց նա: Մեզ հետ զրույցում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը նաեւ պարզաբանեց, թե ինչու իրենք հրաժարվեցին դիմող կողմին հարցեր տալուց:

Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այն բոլոր հարցերը, որոնք իր կարծիքով կարեւոր էին, ինքը ՍԴ-ում հնարավորություն ունեցավ հնչեցնել եւ այդ առումով իր աշխատանքից բավարարված է:  Հիշեցնենք, որ օրենքի համաձայն` Սահմանադրական դատարանը պետք է որոշում ընդունի դիմումի մուտքագրման օրվանից հետո տասնօրյա ժամկետում, այն է` մինչև մարտի 14-ը: Հետեւաբար վաղը ՍԴ-ն կհրապարակի իր որոշումը:

Անդրիաս Ղուկասյանն ասաց նաեւ, որ եթե վաղը ՍԴ-ն մերժի դիմումը` ապա դա նշանակում է, որ պահանջը վիճարկելու բոլոր իրավական լծակները սպառված են: Այդ դեպքում` պահանջը կդառնա արդեն քաղաքական պահանջ եւ ինքը կմիավորվի բոլոր այն ուժերի հետ, որոնք կդնեն նույն խնդիրը:

 

Back to top button