Ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը կստեղծի հեղեղումների եւ սողանքների վտանգ


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Առաջիկա օրերին հանրապետությունում կրկին ջերամստիճանի բարձրացում է սպասվում: Այսօր արդեն Սյունիքի ու Տավուշի հովիտներում գրանցվել է մինչև 25 աստիճան տաքություն, Արարատյան դաշտում՝ մինչև 20 աստիճան, լեռնային շրջաններում՝ մինչև տասը աստիճան։
Կանխատեսվում է, որ հարավային տաք հոսանքները կակտիվանան հատկապես մարտի 15-17-ն ընկած ժամանակահատվածում, որի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 8-10 աստիճանով:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշում է, որ լեռնային շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16, Լոռիում՝ մինչև 23, Տավուշի և Սյունիքի հովիտներում մինչև 29, իսկ Արարատյան դաշտում մինչև 23-24 աստիճան տաքություն։
Մարտի 13-ի դրությամբ հանրապետության տարածքում` սկսած 1600 մ, իսկ Տավուշում և Սյունիքում` 1900 մ բացարձակ բարձություններից, առկա է ձյան ծածկ: Ներկայումս ձնածածկույթի բարձրությունը Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում և Վայոց ձորում նշված բարձրությունների վրա տատանվում է 50-90 սմ սահմաններում: Նշված գոտիներում առաջանում է ձյան ինտենսիվ հալք, երբ օդի ջերմաստիճանը գիշերը չի իջնում +6…+8 աստիճանից, իսկ ցերեկը բարձրանում է +10…+15 աստիճանը։
«Ամսի 18-ին կանխատեսվող տեղումների արդյունքում կա վտանգ, որ հանրապետության առանձին գետավազաններում, մասնավորապես՝ Արաքսի ավազանի և Կուրի ավազանի առանձին գետերում կդիտվի ջրի ելքերի կտրուկ մեծացում, որը կբերի նրան, որ առանձին բնակավայրեր և ափամերձ տարածքներ հնարավոր է, որ լինեն ջւածածկ»,- ասում է Սուրենյանը։
Առաջիկա օրերին Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունքիում ուժեղ , վտանգավոր աստիճանի քամիներ են սպասվում: Այսօր արդեն Սյունիքում ուժեղ քամիների հետևանքով տանիքներ են պոկվել։
Բարեբախտաբար՝ ջրհեղեղ չի սպասվում, սակայն հեղեղումներ, սողանքների ակտիվացումներ, ու ոչ միայն, սպասվում են: Մասնագետները խորհուրդ են տալիս նախապատրաստվել հատկապես ցածր բնակավայրերի բնակիչներին։
Ջրային պետական կոմիտեի հետ համատեղ ջրամբարներում ջրերը դատարկվում են։ Հայաստանում նմանատիպ երևույթ դիտվել է 2004 թ. մարտի 5-6-ն ընկած ժամանակահատվածում, երբ ձյան ծածկի բարձրությունը 2-3 անգամ փոքր էր, քան ներկայումս:
Դիտված (նմանատիպ ջերմային ֆոն կանխատեսվում է հենց մարտի 15-17-ին) օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով գետերի մեծ մասում, մասնավորապես` Դեբեդի, Հրազդանի, Քասախի, Ախուրյանի և Արփայի գետավազաններում դիտվեցին վտանգավոր և անբարենպաստ ելքեր: