ԿարևորՀասարակություն

Կալիֆորնիայի համալսարանի օտարերկրացի ուսանողները` հայ մշակույթ փառատոնի մասնակիցներ

Լիլիթ Սեդրակյան

«Ռադիոլուր»

ԱՄՆ

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայ ուսանողները հիմք են դրել նոր ավանդույթի. նրանք որոշել են ամեն տարի գարնանը կազմակերպել հայ մշակույթի փառատոն` Համալսարանի՝ մոտ 40 հազար ուսանողներին Հայաստանն ու հայ մշակույթը ներկայացնելու համար: Առաջին փառատոնը մեծ արձագանք է ստացել համալսարանական բազմազգ քաղաքում:

Հայկական ազգային երաժշտություն, հին գորգերի, տարազի ցուցադրություն,  և հայկական ուտելիք. այս ամենը Կալիֆորնիայի համալսարան էին բերել այստեղի հայ ուսանողները` հսկա ուսանողական թաղամասին Հայաստանն ու հայերին ներկայացնելու համար: Համալսարանի հայ ուսանողների միության անդամ Մանե Խաչատրյանի խոսքով, ցավոք հայերին հաճախ ճանաչում են միայն քաղաքական խնդիրների միջոցով.

UCLA-ի հայ ուսանողական միության կազմում ընդգրկված են այստեղ սովորող գրեթե բոլոր հայերը` մոտ 500 ուսանող: Նրանց ակտիվ հատվածը պարբերաբար նախաձեռնում է հայ մշակույթն ու պատմությունը օտարազգիներին ներկայացնող նախագծեր: Կազմակերպում են հին հայկական ֆիլմերի ցուցադրություն, հայկական գորգերի մասին դասախոսություններ, հայոց պատմության հետաքրքրական էջերի ու Հայաստանի ներկա խնդիրների մասին քննարկումներ: Այս անգամ միջոցառումը դուրս էին բերել լսարանից` համալսարանական ամբողջ քաղաքին ներգրավելու հայ մշակույթի տոնին: Օտարերկրացի ուսանողներին ոգևորել էր հայ ընկերների նախաձեռնությունը:

“Հրաշալի է մասնակից լինել հայ մշակույթի փառատոնի, UCLA-ը շատ բազմամշակութային համալսարան է, հետաքրքիր է շփվել ու ճանաչել մյուս ազգերին, ինքս Եգիպտոսից եմ և ուրախ եմ այսօր լինել այստեղ”,

“Ողջունում եմ մեր հայ ընկերների նախաձեռնությունը: Վերջերս նրանցից իմացել եմ նաև Հայոց ցեղասպանության մասին, որը դեռևս իր անունով չի կոչվում այս երկրում, սիրտս ցավում է այդ փաստի համար, և ուրախ եմ ամեն հարցում լինել հայ ընկերներիս կողքին”, “Մի ամբողջ համալսարանի համար սա մեծ հնարավորություն  է մի նոր մշակույթի հետ ծանոթանալու: Մենք շատ քիչ բան գիտենք միմյանց մասին, այսպիսի փառատոները լավ միջոց են բացը լրացնել”,ասացին փառատոնի այցելուները:

Օտարերկրացի ուսանողներին գրավում էր հատկապես իրենց անունը հայերեն գրելու առաջարկը, շատերն օգտվում էին նաև հայկական տարազով լուսանկարվելու հնարավորությունից: Մեծ էր հետաքրքրությունը նաև հայկական գորգերի նկամամբ: Այդ ոլորտում մասնագիտացած ընկերությունը ցուցադրման էր բերել 19 և 20-րդ դարերի բացառիկ նմուշներ:

 

Հայկական ազգային պարերով հիացած ուսանողների համար հայ երիտասարդները կազմակերպեցին նաև պարի դասընթաց: Սովորում էին ոչ միայն օտարազգիները, այլև Մն-ում ծնված հայ երիտասարդները:

UCLA- ի հայ ուսանողների միությունը, առաջին փառատոնի արդյունքից ոգևորված, որոշել է Հայ մշակույթի փառատոնը դարձնել Կալիֆորնիայի համալսարանի ուսանողական քաղաքի ամենամյա տոներից մեկը:

 

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button