ԿարևորՏնտեսական

Արտակ Շաբոյան.«Թվինինգ ծրագրի շնորհիվ ՏՄՊՊՀ գործունեության արդյունավետությունը բարձրացել է»

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Ավարտվում է Հայաստանում մրցակացային դաշտի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագիրը, որի շրջանակներում արդեն 2 տարի ԵՄ փորձագետները տարբեր ծրագրերի միջոցով աջակցել են ՏՄՊՊՀ աշխատանքի արդյունավետության բարձրացմանն ու մրցակցային դաշտի բարեփոխմանը: «Աջակցությունն իրականացվել է հիմնականում 2 ուղղությամբ` օրենսդրական բարեփոխումներ և հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում»,- այսօր ծրագրի ամփոփիչ համաժողովի ժամանակ ասել է ՏՊՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա գնահատմամբ` իրականացված ծրագրերի շնորհիվ բարձրացել է հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը:

«Հանձնաժողովի կողմից օրինախախտների նկատմամբ կայացրած որոշումների թիվը անցած տարի արդեն հասել է 214-ի, այն դեպքում, երբ նախորդ տարիներին տարեկան 20-30 որոշում էինք կայացնում: Նույնը վերաբերում է տուգանքներին: Մենք մինչև 350 մլն դրամի չափով տուգանք ենք նշանակել հակամրցակացային գործողոթյունների համար, մինչդեռ նախորդ տարիներին 9-10 մլն դրամով էինք տուգանում: Բնականաբար, մեր ակտիվ գործունեության արդյունքում ավելացել է նաև դատարանում մեր կողմից կայացված որոշումների վերաբերյալ բողոքարկումների թիվը: Շատ կարևոր է, այս 2 տարիների ընթացքում չունենք որևէ որոշում, որ դատարանում անվավեր ճանաչված լինի: Մեր կողմից կայացվող որոշումներն ավելի հիմնավոր, փաստարկված ու ավելի ուժեղ են դարձել»:

Նա միևնույն ժամանակ ընդունել է, որ մրցակցության ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց ուղղությամբ էլ շարունակվելու են աշխատանքները:

Ցուցադրել ավելի
Back to top button