ԿարևորՔաղաքական

Ր.Հովհաննիսյանի կողմնակիցները ներկայացնում են «սին դատողություններ սեփական անգործությունը փարատելու համար».ԿԸՀ նախագահ

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Սահմանադրական դատարանն այսօր շարունակել է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը: Հիշեցնենք, որ ներկայացված դիմումներով վիճարկվում են ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները և դրա հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:

Այսօրվա նիստում բացատրություններ են ներկայացրել դիմողներից Անդրիաս Ղուկասյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը: Իր առարկություններում  ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ «Ժառանգություն» կուսակցությունն ունեցել է բավարար թվով վստահված անձինք և կարող էր սահմանված ժամկետում բողոքարկել ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները՝ ներկայացնելով համապատասխան դիմումներ, ինչից չի օգտվել կամ գրեթե չի օգտվել: Մուկուչյանը շեշտել է, որ  անընդունելի է համարում նման մոտեցումը և գտնում է, որ Հովհաննիսյանի կողմնակիցները ներկայացնում են «սին դատողություններ սեփական անգործությունը փարատելու համար»:

ՍԴ այսօրվա նիստում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանը եւ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ներկայացրին դիմող կողմի բացատրություններն ու ամփոփ գնահատականը: Անդրիաս Ղուկասյանը, մասնավորապես, ներկայացրեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ իր կողմից կատարված ամփոփումների արդյունքները: Ըստ այդմ, նախագահի նախկին թեկնածուի գնահատմամբ, ԿԸՀ պաշտոնական կայքէջում աղյուսակներով տեղադրված տվյալների իր վերլուծությունները ցույց են տալիս, որ 579 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն էական ազդեցություն են ունեցել ամբողջ ընտրություններում քվեարկության արդյունքների վրա: Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ` այդ տեղամասերում քվեարկության արդյունքներն անհավանական բարձր են եւ չեն համապատասխանում մնացած բոլորին` թե մասնակցության և թե մեկ թեկնածուի օգտին գրանցված ձայների առումով:

Նախագահի նախկին թեկնածուն նաեւ կարծիք հայտնեց, թե նման, նրա գնահատմամբ, անհավանական արդյունքներից ակնհայտ է, որ այդ տեղամասերում տեղի է ունեցել անգործություն եւ, ըստ էության, այս պարագայում անգործություն են ցուցաբերել ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը. «Ստացվում է այն, ինչին մարդիկ, քաղաքացիները չեն վստահում, պետությունը վստահում է»: Որոնք են հիմքերը, որոնք կասկածելի են դարձնում նշված տեղամասերում ընտրության արդյունքները` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցադրմանն ի պատասխան` Անդրիաս Ղուկասյանն ասաց, թե ինքը պնդում է, որ այդ հարցի պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը` Սերժ Թանկյանին ուղղված հայտնի նամակում, որտեղ խոսել է նաեւ իր կողմից ընտրությունները կազմակերպելու մասին. «Քանի որ ինքն է կազմակերպել ընտրությունը, ապա և բնական են նման քվեարկության արդյունքներն առանձին ընտրատեղամասերում»,-եզրահանգեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

ՍԴ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, հակադարձելով տվյալ պնդումը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող նախագահը Սահմանադրության համաձայն պետության գլուխն է, ինչը նշանակում է նաեւ մեկ բան.«Պարտավոր է ապահովել իշխանության բոլոր ճյուղերի բնականոն գործունեությունը, ինչը նույնպես կարելի է դիտել որպես «կազմակերպում», «բնականոն գործունեության կազմակերպում»: Ես կարծում եմ` կարելի է դիտել:

Մեկնաբանությունները կարող են տարբեր լինել` հավելեց Դավիթ Հարությունյանը` շեշտելով, որ մեկը կարող է այն համարել պատկերավոր խոսք, իսկ ինքը համարում է, որ նախագահի խոսքը նշանակում է, որ որպես պետության գլուխ նախագահը կատարել է իր այն պարտավորությունը, որը դրված է իր վրա Սահմանադրությամբ:

Դավիթ Հարությունյանը դիմող կողմին ՍԴ նիստում հարցեր տալուց զերծ մնաց: Լրագրողներին հայտնեց, որ իր կարծիքը կարտահայտի ՍԴ նիստում, երբ կներկայացնի իր եզրակացությունը: Մինչ այդ` ՍԴ-ում այսօր դիմող կողմին հարցեր ուղղեցին ՍԴ անդամներն ու ԿԸՀ ներկայացուցիչները, իսկ ավելի ուշ դիմողների պնդումների վերաբերյալ առարկություններով հանդես եկավ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը` շեշտադրելով, որ դիմող կողմի պնդումները պարզապես սեփական անգործությունը կոծկելու նպատակ ունեն:

Ցուցադրել ավելի
Back to top button