Հասարակություն

Ջրամբարներում ջրի պաշարները հուսադրող չեն

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր

Աշխատանքային այցով այսօր առավոտյան Արմավիրի մարզում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ Արմավիրի մարզի 10 ՋՕԸ -ան հետ հանդիպեցին փոխվարչապետը։ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն ու ԾԻԳ տնօրեն Ադիբեկ Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոռոգման նախորդ տարվա արդյունքները,  այս տարվա անելիքներն ու սակավաջրության խնդիրները:
Այսօրվա դրությամբ  ջրամբարներում ջրային պաշարների քանակությունը այնքան էլ հուսադրող չէ: Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ Ախուրյանում և Ազատում ջրի  քանակությունը նվազել է, իսկ Ապարանի ջրամբարում  գրեթե նույնն  քանակն է պահպանվում:  Սակայն  առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հիդրոմետի տվյալները խոստումնալից են,  եղանակի աստիճանական բարձրացմանը զուգընթացը կավելանա տեղումների քանակը և ջրամբարները կլցվեն:
Բացի պետբյուջեի հատկացումներից Արմավիրի մարզի ոռոգման բարելավման նպատակով լրացուցիչ այլ ծախսեր են նախատեսվել սակավաջուր ջրային տարածքների խնդիրները փոքրիշատե լուծելու նպատակով:
Արմեն 
Գևորգյանը տեղեկացրեց, որ ոռոգման համակարգերի պահպանման և շահագործման համար կառավարությունը նախատեսել է 700 մլն. դրամ, որից միայն 200 մլն. կտրամադրվի Արմավիրի մարզին, դրան  կգումարվի ևս 200 մլն դրամ, որն առաջացել է համակարգի գույքի իրացումից։ Այն  կուղղվի սակավաջրության խնդրի լուծմանը:
Սակայն նշված միջոցները բավարար չեն մարզի ոռոգման խնդիրների լուծման  համար:  Առաջիկայում կառավարությունը դարձյալ կանդրադառնա խնդրի լուծմանը  և Արմավիրի մարզի ՋՕԸ-ին լրացուցիչ օժանդակություն  կցուցաբերի:
Աշնանից սկսվել  է  ոռոգման ցանցերի վերականգնումը, արդեն ավարտվել են  Բաղրամյանի տարածքում  մայր ջրանցքի, ինչպես նաև ներտնտեսային ցանցերի  վերանորոգման աշխատանքները: Կառավարությունն այս տարի պետական բյուջեից միջոցներ է հատկացրել սելավատարների մաքրման և ափապաշտպան պատնեշների ամրացման նպատակով: 

Այսօր արձանագրվել են մարզում առկա և չլուծված խնդիրները, որոնք առանձնացվել են ըստ առաջնահերթության և առաջիկայում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ։
Արմավիրի մարզում Մաստարա սելավատարի վրա նախատեսվում է կառուցել 20-22 մլն. խմ տարողությամբ  ջրամբար, որը լրացուցիչ օգնություն կլինի ոռոգման թեժ շրջանի համար:  Արմեն Գևորգյանը շեշտեց ջրամբարաշինարարության կարևորությունը: Հաջորդ տարվա գարնանաից կսկսվի Կապսի ջրամբարի շինարարությունը,  Ֆրանսիական զարգացման գործակալության միջոցներով պայմանավորվածություն է ձեռք բերվել Վեդու ջրամբարի կառուցման նպատակով, որը նույնպես հնարավոր է սկսել մյուս տարվանից, այժմ  բանակցությունների մեջ են ճապոնացի գործընկերների հետ`  Եղվարդի ջրամբարի նախագծման ու կառուցման համար։
Կառավարության հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում  տրամադրված միջոցների առյուծի բաժինը ներդրվում է հանրապետության կրթօջախների վերանորոգմանը: Փոխվարչապետը այցելեց նաև  Արմավիրի մարզի Նոր Արտագես, Հայկավան գյուղերի դպրոցներ, ծանոթացավ շենքային անմխիթար պայմաններին։
Նոր Արտագեսում դասարանները ջեռուցվում են հեղուկ դիզելային վառելանյութով, որի հոտը երեխաների թունավորման պատճառ էր հանդիսացել: Դպրոցի մարզադահլիճը վթարայնության պատճատով չի շահագործվում։
Հայկավանի դպրոցը նույնպես նորոգման խնդիր ունի,  շենքը գազիֆիկացված է, սակայն օգտագործում են իրանական արտադրության  վառարաններ։ Դպրոցների նորոգման նպատակով գումարը  յուրաքանչյուրին գրեթե հավասարաչափ է բաշխվել` 50 մլն դրամի սահմաններում։
Արմեն Գևորգյանը  արձանագրած խնդիրները կներկայացնի կառավարություն` հետագա քննարկման նպատակով:  

Ցուցադրել ավելի
Back to top button