

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
«ԱԺ մոնիթորինգ» ծրագիրն ամփոփել է 5-րդ գումարման ԱԺ առաջին երկու նստաշրջանների գործունեության դիտարկման արդյունքները: Այսօր ներկայացված զեկույցը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:
Զեկույցի մի քանի ուշագրավ եզրահանգումները. խորհրդարանի նախաձեռնողականության մակարդակը նախորդի համեմատությամբ նվազել է ինչպես օրինաստեղծ աշխատանքում, այնպես էլ քաղաքական որոշումների վրա ներգործության տեսանկյունից, ասաց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Մեկ այլ միտում, որ նկատել են ծրագրի փորձագետներն ու լրագրողները. կոալիցիոն խմբակցությունները` ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, միասին աշնանային նստաշրջանի ընթացքում դեմ են արտահայտվել քվեարկված օրինագծերի ընդամենը 1 տոկոսին: Սա, ըստ Լուսինե Վասիլյանի, կարելի է գնահատել որպես անվերապահ համաձայնություն կառավարության քաղաքականությանը:
Նշված երկու խմբակցությունների քվարկությունը գրեթե նույն պատկերն է արձանագրում, հիմնականում` կողմ: ԲՀԿ- ի մոտ գերակշռում է ձեռնպահը` պայմանավորված ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն կարգավիճակով, մնացած երեք խմբակցությունների` ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» դեպքում կողմ, դեմ և ձեռնպահ քվարկությունը ավելի համամասնորեն է բաշխված, նկատեց ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավարը:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընդունված օրենքների մեծ մասը` 94-ից 70-ը սոցիալ տնտեսական բնույթի են:
Ի դեպ՝ աշնանային նստաշրջանի ընթացքում ընդդիմադիր որևէ խմբակցության օրենսդրական որևէ նախաձեռնություն չի ընդունվել:
Հարցերի ու ելույթների վիճակագրությունից փորձ է արվել գնահատել առանձին պատգամավորների ու խմբակցությունների ակտիվությունը: Այստեղ նկատվել է վարքագծի փոփոխություն` հօգուտ ՀՀՀԿ- ի` 151 հարց ու ելույթ:
Զեկույցում վերը նշված ավանդական բաժիններից բացի նոր ու առանձին բաժիններով ամփոփվել են ԱԺ նորաստեղծ` Էթիկայի հանձնաժողովի գործունեության ու խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման դիտարկման արդյունքները:
Երկու դեպքում էլ մտահոգիչ արձանագրումներ են արվել։ Ծրագրի փորձագետները ահազանգում են հանձնաժողովի քաղաքականացման վտանգի և խորհրդարանի վերահսկողական կարևոր գործառույթի ձևական բնույթ կրելու մասին:
Կուսակցությունների նախընտրական ծրագրերի հետ նրանց գործունեության ներդաշնակության խնդրի մասին ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը խոսեց: Հանրապետականի գործունեության մեջ նա հակասություն է նկատել` կապված էթիկայի հանձնաժողովի հետ:
Փորձագետը ՀԱԿ-ի առանձնահատկությունը համարեց այն, որ նախընտրական ամփոփ ծրագրով հանդես չի եկել, այլ ներկայացրել է ծրագրերի համախումբ: Գոռ Աբրահամյանի դիտարկմամբ` ՀԱԿ-ը ոչ այնքան բովանդակային քննարկումների վրա է կենտրոնացել, այլ հանդես է եկել ամեն ինչին հակադրվելու, քաղաքականացնելու դիրքերից:
Հիմնականում իրենց ծրագրային մոտեցումներին համահունչ են գործել «Ժառանգությունն» ու ՀՅԴ- ն, թեեւ մի քիչ ռոմանտիկ մոտեցումներ վերջինների ծրագրերում փորձագետը, այնուամենայնիվ, նկատել է: Ասենք` չկա հստակություն, թե ինչպես են հասնելու դաշնակցության դեպքում 200 հազար աշխատատեղ ստեղծելու ծրագրին և այլն: Ռոմանտիզմի վերաբերյալ գնահատկանը դաշնակցական Արծվիկ Մինասյանն անարդար համարեց:
«Կարող ենք տրամադրել բոլոր հաշավարկները, որոնք ծրագրում չենք ներառել` ծավալի պատճառով»,-բացատրեց Մինասյանը` ընդհանուր առմամբ ողջունելով ու բարձր գնահատելով կատարված աշխատանքը:
Այն ողջունեցին, բայց նաև որոշ գնահատականներին իրենց անհամաձայնությունը հայտնեցին Հանրապետականի և ՕԵԿ-ի ներկայացուցիչները: Արաիկ Հովհաննիսյանն ու Մհեր Շահգելդյանը բնական համարեցին կառավարության նախագծերին կողմ քվեարկելը, քանի որ կոալիցիոն ուժեր են և աշխատում են կառավարության հետ:
Ի դեպ՝ ամենահարուստ խմբակցությունը, պարզվում է, ԲՀԿ-ն է: Պատգամավորների ներկայացրած հայտարարագրերի համաձայն` 20 –ը դոլարային միլիոնատեր է: Առաջին հնգյակում չորս ԲՀԿ-ականներ են` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:
Միայն վերջինին է իր կարողությամբ զիջում հանրապետական Սամվել Ալեքսանյանը: Իրենց կարողություններով ԲՀԿ-ին հաջորդում են հանրապետականները, ամենահամեստը՝ «Ժառանգության» պատգամավորների հայտարարագրած միջոցներներն են: