ԿարևորՔաղաքական

Համագործակցում ենք բոլոր մակարդակներում եւ բոլոր ուղղություններով. Սարգսյան- Պուտին հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ընդունելով աշխատանքային այցով Մոսվկա ժամանած Սերժ Սարգսյանին շնորհավորել է նրան Հայաստանի նախագահական ընտրություններում հաղթանակի համար։

«Սա Ձեր առաջին արտասահմանյան այցն է Հայաստանի նախագահի ընտրություններից հետո։ Մեկ անգամ եւս Ձեզ շնորհավորում եմ համոզիչ հաղթանակի համար. ավելի քան 60 տոկոսը շատ լավ արդյունք է, որը խոսում է ժողովրդի վստահության մասին եւ Ձեզ տալիս է հնարավորություն իրականացնել բոլոր ծրագրերը, որոնք Դուք դրել եք ձեր առաջ՝ սկսելով այս ընտրական արշավը»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի հետ Ռուսաստանն ունի հատուկ հարաբերությունները։ «Պետք է ասել, որ դրանք ընդհանուր առմամբ հաջողությամբ զարգանում են, չնայած համաշխարհային տնտեսության որոշակի դժվարություններին։ Անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով։ Ինձ համար հաճելի է ընդգծել, որ Ռուսաստանը Հայաստանի հետ առեւտրաշրջանառության մեջ վստահորեն շարունակում է առաջին տեղը զբաղեցնել »,- նշել է Պուտինը։

Նա նաեւ փաստել է, որ Ռուսաստանը առաջին տեղում է նաեւ Հայաստանում ներդրումների իրականացման ծավալով՝ ավելի քան 3 մլրդ դոլար, եւ ընդգծել, որ ներդրումային համատեղ ծրագրերը մեծ հեռանկարներ ունեն։

«Ոչ պակաս ակտիվորեն զարգանում են մեր շփումները քաղաքական ոլորտում։ Մենք համագործակցում ենք գործնականում բոլոր մակարդակներում եւ բոլոր ուղղություններով. եւ խորհրդարանների, եւ կառավարությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների գծով։ Այս ամենը ստեղծում են շատ լավ նախադրյալներ մեր հարաբերությունները ամրապնդելու համար առաջին հերթին մարդկանց միջեւ, հումանիտար ոլորտում»,- ասել է Պուտինը։

Ըստ նրա՝ այստեղ կարեւոր դեր է խաղում Ռուսաստանում ապրող հայ համայնքը, որը կողմերին միավորելու լրացուցիչ մարդկային ներուժ է։

Սերժ Սարգսյանը օրինաչափ է համարել, որ իր առաջին արտասահմանյան այցը Ռուսաստան է, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, դաշնակիցը։

«Նախորդ տարին մեզ համար հոբելյանական էր։ Մենք նշել ենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20- ամյակը։ Այս ընթացքում մենք անցել ենք շատ լավ ճանապարհ եւ հասել բացառիկ արդյունքների բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, տնտեսության, ռազմական բնագավառներում, հումանիտար ոլորտում եւ ինտեգրման գործընթացներում»։

Սերժ Սարգսյանը նաեւ արձանագրել է ռազմական ոլորտում առաջընթացը հատկապես երկու երկրների նախագահների վերջին հանդիպումից հետո։  «Հայ հասարակությունը շատ բարձր է գնահատել փաստը, որ Ռուսաստանի պաշտպանության նախարաը Հայաստան է ժամանել հայկական բանակի օրը»,- ասել է Սերժ Սարպգսյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button