ԿարևորՔաղաքական

Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը զարգացումների կուլմինացիան է

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ինձ համար անհասկանալի է Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, այն դեպքում, երբ որեւէ խոչընդոտ չկա իր խոսքը հասանելի դարձնելու համար»,- այսօր «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:  Նա ողջունել է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Բանավեճին մասնակցել են նաև «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանն ու քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հայաստանում հետընտրական զարգացումները շարունակվում են: Արդյո՞ք Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը զարգացումների կուլմինացիան է, թե ոչ, դեռ պարզ չէ: Մինչ, այդ, այս օրերին ամենաշատը հենց հացադուլն ու նախագահի նախկին թկենածուի ՍԴ դիմելու հարցն է քննարկման առանցքում: «Հետընտրական պրոցեսները պետք է զարգանան միայն և բացառապես օրենքի ու Սահմանադրության սահմաններում ու շրջանակներում, եթե այդպես չի լինում, ապա դրանց հետևանքները կարող են աղետալի լինել»,- իր՝ բազմիցս հնչեցրած տեսակետն այսօր մեկ անգամ ևս փոխանցեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը, ում համար անհասկանալի է, թե ինչու է նախագահի նախկին թեկնածուն հացադուլ անում:

«Հացադուլը պայքարի մեկ այլ ձև է, որը այս պահին ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որպեսզի իր խոսքը լսելի դարձնի, բայց ինձ համար առնվազն և անհասկանալի է, և տարակուսելի, երբ որ որևէ խոչընդոտ չի հանդիսանում իր համար, այս կամ այն ձևով իր խոսքը լսելի դարձնել, և դիմում ես հացադուլի: Դա էլ է իր քաղաքացիական իրավունքը»:

Կարծիքներ են հնչում համաձայն որոնց Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հուսահատությամբ են պայմանավորում, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, սակայն, կարծիքներին հավատում է այնքանով, որքանով, որ իշխանության այն հայտարարություններին, թե փետրվարի 18-ին կայացած ընտրություններին մեկ միլիոնից ավել քաղաքացի է մասնակցել:

ՍԴ ներկայացրած նյութերը քիչ են փաստարկված, հնչում են կարծիքներ, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արտակ Զեյնալյանը, ով նմանատիպ բազմաթիվ դիմումների փաստաթղթեր է նախապատրաստել, հարցնում է, նախորդները, որ ամենափաստարկվածներն էին, ինչ են փոխել. «Ոչինչ չեն փոխել: Սահմանադրական դատարանը կամ մյուս դատարանները, երբ որ ասել են, ամեն ինչ ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանը 2003թ առաջին, երկրորդ փուլերում ճիշտ էր, խորհրդարանական ընտրությունները, ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրությունները ամեն ինչ ճիշտ անցկացրեց, 2007-2008-ին ամեն ինչ շատ լավ անցկացվեց, մեզ համոզե՞ց դատարանը, որ ամեն ինչ ազատ, արդար է անցել»: 

Հավելենք, որ քննարկմանը հրավիրված էր նաև «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը նույնպես, սակայն, քննարկման մեկնարկից րոպեներ անց պարզվեց, որ վերջինս չի կարող ներկա գտնվել:

Ցուցադրել ավելի
Back to top button