ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դիմելու հերթական քայլը Գալուստ Սահակյանի համար ընդունելի չէ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հետընտրական զարգացումների մասին է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Նրա ձեւակերպմամբ` թե’ նախընտրական, թե’ հետընտրական փուլում կուսակցության սպասած արդյունքները գոհացուցիչ են: Գալուստ Սահակյանի ձեւակերպմամբ` հատկապես կարեւոր է նոր ընդդիմադիր մոդելի ձեւավորումը, քանի որ վերջին տարիներին ընդդիմությունը ոչ խորհրդարանի ներսում, ոչ խորհրդարանից դուրս առանձնապես գործունեություն չէր ծավալում: Երբ ասում ենք, որ ընտրությունները լավ արդյունքներ ունեցան նկատի ունենք նաեւ հենց ընդդիմության ձեւավորման հանգամանքը` շեշտադրել է հանրապետական կուսակցության փոխնախագահը:

«Քաղաքական դաշտում սովորաբար պիտի գործեն բոլոր քաղաքական ուժերը, իսկ այս պահին դա, կարծես, ստացվել է»,-նկատել է հանրապետական պատգամավորը:

«Քաղաքական պայքարն իր իրավունքի սահմաններն ունի: Յուրաքանչյուր թիմ կամ քաղաքական անձ ինքն է որոշում, թե ինչպիսի պայքարի միջոց ընտրի»,-գնահատելով Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դիմելու հերթական քայլը` ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով, որ անձամբ իր համար ընդունելի չէ նման քայլը, ինչի համար ցավում է: Ինչ վերաբերում է վերջին հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանի կտրուկ հայտարարություններին. «Ովքեր հարթակներում եղել են, միտինգներին մասնակցել են, ժողովրդի հետ շփվում են` ավելի խրոխտ են դառնում իրենց տեսակետների մեջ: Կցանկանայի էսպես բնութագրել` երեւի լեզվի սայթաքում է»:

Գալուստ Սահակյանը, սակայն, շատ ավելի խոցելի է համարում նույն հարթակից արված այն հայտարարությունները, որոնցում Ղարաբաղը Ադրբեջանի գավառ է համարվում, կամ ժողովրդի մեջ թուրքեր են որոնվում: «Սա, կարծում եմ, ալիեւյան ոճ է եւ պիտի ասեմ հետեւյալը, որ նման հանգույցներով տրամաբանական չէ ժողովրդին առաջնորդելը»:

Նկատելով, որ հանրահավաքները շատ խաղաղ են անցնում` Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ որոշակի շրջանում հանրահավաքի մասնակիցներն իրենք էլ կհասկանան, որ չի կարելի անցումներ կատարել ոչ ազգային մեկնությունների ու մեկնաբանությունների: Գալուստ Սահակյանը շեշտեց, որ իրենք կատարել են առաջարկ եւ ասվել է, որ գնալու են ռադիկալ փոփոխությունների: Ավելին.«Ովքեր կցանկանան մաասնակից լինել, կարծում եմ, յուրաքանչյուր քաղաքական թիմ կարող է ինքը որոշել եւ վերջնական իր գնահատականներով մասնակցել բարեոխումներին»:

Ռադիկալ փոփոխութուններ ասելով էլ, ըստ բանախոսի, պետք չէ պարտադիր հասկանալ կառավարության կամ վարչապետի փոփոխություն, այլ այնպիսի բարեփոխում, ինչը պահանջում է ժողովուրդը: Կլինեն ծրագրերը, կորոշվի նաեւ դերակատարը` ասաց բանախոսը` հավելելով նաեւ, որ տեղին չեն համարում անձնավորելը, թե որ պաշտոնում ով կլինի: Հնարավոր նոր կոալիցիայի մասին հարցին էլ արձագանքելով` Գալուստ Սահակյանն ասաց, որ դա կախված կլինի, թե որքանով ծրագրերը կհամընկնեն:
Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե անհրաժեշտություն լինի` ոչ զորակցելու համար, իհարկե, այլ` միջամտելու, երկրի նախագահը կայցելի հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանին: Պետք է միշտ մտածել, որ մենք թշնամիներ չենք` հորդորեց Գալուստ Սահակյանը: «Հանրապետական կուսակցությունը միշտ մրցակցային դերում է, երբեք թշնամիներ չի որոնում եւ չի էլ որոնելու»:

Գալուստ Սահակյանը հավելեց, թե չի ցանկանում կրակի մեջ բենզին լցնել եւ չի էլ ցանկանում յուրայիների կամ մյուսների կարծիքին գնահատական տալ: Սա ասաց` արձագանքելով այն դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննեաս Սահակյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դիմելու քայլը սադրանք էր որակել: Ընդհանուր առմամբ` Գալուստ Սահակյանը նույնպես այն կարծիքին է, որ ընդհանուր գործընթացներում սադրանք կա` գլոբալ առումով: Ասաց, սակայն, որ դրանում չի ցանկանում որեւէ մեկին մեղադրել: Գալուստ Սահակյանի փոխանցմամբ` Հանրապետականը առաջարկություններ չի անում, սակայն` առաջարկները քննարկելի է դարձնում իր համար: Նրա խոսքով` ընդդիմության արած առաջարկներից իշխանությունները խնդիր չեն տեսնում, որ ընդդիմության դերը մեծացվի վերահսկողական գործառույթներում: Գաղափարն իրենց համար ընդունելի է, ուստի` նշանակում է, որ այն կարող է առաջ շարժվող գաղափար լինել:

Ցուցադրել ավելի
Back to top button