Հասարակություն

Սիլվա Ադամյան.«Դելֆիններին տեղափոխում էին Ուկրաինա ոչ թե հյուրախաղերի, այլ փոխելու համար»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երբ դեռ չկային դելֆիններն ու դելֆինարիումը կառուցելու նախադրյալնները, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ-ի բնապահպաններից և Ուկրաինայի իրենց գործընկերներից ստանում է ահազանգ, որ դելֆիններ են բերվում Հայաստան: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը տեղեկացրեց, որ փորձել են քայլեր ձեռնարկել դելֆիններին Հայաստան չբերելու համար, սակայն ապարդյուն: Հասարակական կազմակերպությունը դիմել է քաղաքապետարան և բնապահպանության նախարարություն, սակայն կառույցները լուրջ չեն մոտեցել խնդրին` պատասխանելով, որ ավելի լուրջ գործերով է պետք զբաղվել, դելֆինները ներմուծվել են Հայաստան զվարճանքի համար և իրենց որոշումը բեկման ենթակա չէ:

Հայաստանում չկան լուրջ մասնագետներ, ովքեր զբաղվում են դելֆինների կյանքով և պաշտպանությամբ, ասում է Սիլվա Ադամյանն ու հավելում, որ դա էր պատճառը, որ իրենք դիմել են ԱՄՆ-ի իրենց գործընկերներին, ովքեր զբաղվում են դելֆինների խնամքով: Բանախոսը նշում է, որ եթե չունենան փորձաքննական եզրակացություն, չեն կարող որևէ հարցի լուծում տալ: «Եզրակացության մեջ նշված է, որ դելֆինները չեն կարող ապրել ոչ ծովային ջրում և նրանց գոյատևումը կտևի մոտ 2 տարի, ինչն էլ տեղի ունեցավ»:

Կազմակերպությունը, տեսնելով, որ իրենց ձեռնարկած բոլոր քայլերն ապարդեյուն են, 2011 թվականի հունվարին «Էկո դար» կազմակերպության հետ միասին դիմել է դատարան: Հայցը կայացել է նրանում, որ կառույցն ու դելֆինները չեն անցել փորձաքննություն, սակայն դատարանը կազմակերպություններին ճանաչել է ոչ պատշաճ հայցվորներ: Մեր Դելֆինարիան չուներ համապատասխան պայմաններ դելֆինների համար: Սիլվա Ադամյանը բարձրաձայնում է, որ դելֆինը չի կարող ապրել քլորացված ջրում:

Դատական գործընթացի ավարտից հետո հայտնի դարձավ, որ դելֆիններին տանում են հյուրախաղերի, սակայն ուկրաինացի գործընկերների միջոցով «Թռչնասերների կենտրոն» ՀԿ պարզում է, որ դելֆիններին տեղափոխում են Ուկրաինա` փոխելու համար: Սակայն նոր դելֆինները չկարողացան դիմանալ պայմաններին, ունեցան ֆիզիկական լուրջ խնդիրներ և Սիլվա Ադամյանի խոսքով`այժմ նրանք գտնվում են Կատարում` վերականգնողական փուլ անցնելու համար: Ադամյանը վստահեցրեց, որ կենդանիները բարվոք վիճակում են : «Թռչնասերների կենտրոն» ՀԿ ունի դելֆինների Հայաստանի սեփականություն հանդիսացող սերտիֆիկատը: Հարցը կայանում է նրանում, թե ինչ փաստաթղթով են դելֆինները տեղափոխվել արտերկիր, ասում է Ադամյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button