ԿարևորՏնտեսական

Նոր կառավարությունում Վազգեն Սաֆարյանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկ է անում

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ ու ներկայացրել իր կարծիքով գերակա համարվող առաջնահերթությունները, որով պետք է առաջնորդվի նոր կառավարությունը: Նա առաջարկել է կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել,մասնավորապես, ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի ու գյուղատնտեսության ու ագրոարդյունաբերության նախարարություններ, տնտեսական քաղաքականությունում արմատական փոփոխություններ իրականացնել: «Եթե մնան այն առաջնահերթությունները, որով մենք մինչև այժմ ընթացել ենք, նոր վարչապետը նորից նույն քայլերն է իրականացնելու, ուստի պետք է տնտեսական քաղաքականությունը փոխել, որպեսզի նոր վարչապետը կարողանա այդ քաղաքականության իրականացնողը դառնա»,- հայտարարել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը:

Արտագաղթ, գործազրկություն, սոցիալական բևեռացված հասարակություն, սա մեր իրականությունն է կամ դրա մի մասը, որից և ոչ մեկը չի կարող փախչել: Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացնում է գործող կառավարության անցած տարիների ընթացքում ունեցած բաղթողումները. «Այն, որ մենք 118 հազար դրամ միջին աշխատավարձ ունենք, դա արդեն վատ է, այն, որ մենք 32 500 դրամ կենսաթոշակն է և որ կոմունալ ու մյուս ծախսերը գերազանցում են, հատկապես ձմեռվա, դա արդեն վատ է, սպառողական զամբյուղը գոնե ասենք 52 հազար դրամի սահմանենրում է և մենք դա չենք կարողանում ապահովել, դա արդեն գնահատական է կառավարության ոչ արդյունավետ, ոչ էֆեկտիվ աշխատանքի»:

Բացթողումներին զուգահեռ Հայրենական ապրանք արրտադրողների միության նախագահը նաև դրականն է թվարկում՝ արտահանման խթանմանն ուղղված ռազմավարության, արդյունաբերական քաղաքականության ռազմավարության ընդունում և ոչ միայն: Քայլերը քիչ են, տնտեսական քաղաքականությունում արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է նկատվում: Սա էլ թերևս վերջին շրջանում ամենաշատը շրջանառվող հարցերից մեկի՝ վարչապետի փոփոխությանը վերաբերող հայտարարություններին ի պատասխան:

«Եթե մնա այն առաջնահերթությունները, որով մենք մինչև այժմ ընթացել ենք, ում էլ դնենք վարչապետ, նույն բաները պիտի անի, դրա համար, պետք է տնտեսական քաղաքականությունը փոխել, որպեսզի նոր վարչապետը կարողանա այդ քաղաքականության իրականացնողը դառնա: Ի դեպ, պիտի ասեմ, որ ի պատիվ գործող վարչապետի, նա համարձակություն ունեցավ ՀԲ-ի ու ԱՄՀ-ի հիմնական դոկտրիններին դեմ գնալով, ընդունել Արդյունաբերության զարգացման ռազմավարություն, դա 20 տարի չէր հաջողվում որևէ մեկին»:

ՀԱԱ միության նախագահը նաև առաջարկում է նոր կառավարությունում կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել, մասնավորապես, ստեղծել արդյունաբերության և արտաքին առևտրի ու գյուղատնտեսության ու ագրոարդյունաբերության նախարարություններ, որոնք կարգավորեն ճյուղը, ունենան միջոցներ: Արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարությունում պետք է արտաքին առևտուրը համակարգող ստորաբաժանումներ լինեն: Հարկաբյուջետային հատվածում նույպես փոփոխությունների անհրաժշետություն է նկատվում. Վազգեն Սաֆարյանն առաջարկում է, որպեսզի ԿԲ-ն վերանայի և իջեցնի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Փոխվարչապետի լիազորությունները վերանայելու անհրաժշետություն նույնպես նկատվում է.«Արդյունաբերության ոլորտի նախարարությունները գտնվեն փոխվարչապետի վերահսկողության ներքո, դա մեր կարծիքն է, որը կզբաղվի տնտեսության հիմնական ճյուղի գործառույթների կարգավորման ու կազմակերպման գործերով»:

Հավելենք, որՍահմանադրության 54-րդ հոդվածի համաձայն` վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին: Նույն օրը կառավարությունը հրաժարական է ներկայացնելու: Կրկին Սահմանադրության համաձայն, նախագահը վարչապետ կնշանակի կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում։ Կառավարությունը կկազմավորվի վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում։

Ցուցադրել ավելի
Back to top button