Հասարակություն

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Միացյալ Թագավորության փոխարտգործնախարարին

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ առավել քան քսանամյա դիվանագիտական հարաբերությունների պատմության արդյունքում կողմերի միջև համագործակցությունը կայուն հիմքերի վրա է դրվել և կա երկկողմանի շահագրգռվածություն այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխնախարար Ֆրեյզերը նշել է, որ գնալով աճում է Միացյալ Թագավորության հետաքրքրվածությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության սերտացմամբ և իր այցը ևս մեկ քայլ է այդ ուղղությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել  Միացյալ Թագավորության կողմից տարիների ընթացքում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ցուցաբերած աջակցությունը: Նախարարը նաև հավելել է, որ վերջին շրջանում հատկապես բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական հարաբերությունների ոլորտներում ակտիվություն է նկատվում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները: Անդրադարձ է կատարվել  միջազգային և տարածաշրջանային մի շարք կարևոր խնդիրների: Նախարար Նալբանդյանը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, իսկ փոխնախարար Ֆրեյզերը իր հերթին նշել է, որ Միացյալ Թագավորությունը խնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով և աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերին:

Ցուցադրել ավելի
Back to top button