ԿարևորՄշակույթ

Հակոբ Հակոբյանի ձեռագրում կարելի է ճանաչել իրական Հայաստանը` նրա նման լուռ, խորը և տարողունակ

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր ժամանակների մեծագույն մտավորականներից մեկը ` նկարիչ Հակոբ Հակոբյանը: Նա ծնվել էր 1923թ-ի մայիսի 24-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում:1952-1954թթ Եգիպտոսի հայկական գաղութի հովանավորությամբ Փարիզում սովորել Անդրե Լոտտի, ապա Գրան-Շոմիեր ակադեմիայում, 1959-1961թթ մասնակցել է Ալեքսանդրիայի առաջին և երկրորդ բիենալեներին: 1962 թ-ից ընտանիքով տեղափոխվել է Հայաստան: Հինգ տարի բնակվել Լենինականում (այժմ` Գյումրի), ապա տեղափոխվել Երևան: 1996թ-ին Ընտրվել է Ռուսաստանի Դաշնության Գեղարվեստի ակադեմիայի անդամ: Անհատական ցուցահանդեսներով հակբ հակոբյանը հանդես է եկել Հայաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, ԱՊՀ երկրների մի շարք քաղաքներում: Արժանացել է Հայաստանի պետական մրցանակի և ժողովրդական նկարչի կոչման, ոսկե մեդալի Անդրկովկասի առաջին բիենալեում, ԽՍՀՄ պետական մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» պետական շքանշանի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Սբ.Սահակ» և «Սբ. Մեսրոպ» շքանշանների:

«Ես ամեն օր պիտի նկարեմ, որովհետև միշտ նկարելու բան կա»: Պատկառելի տարիքն անգամ չէր ստիտում մտածել մահվան մասին: Մտքում միայն աշխատանքն էր, նոր պատկերները, որոնք վերջին տարիներին ոչ միայն կտավի այլև քանդակների էին վերածվում: Հայաստանում նրա մասին իմացան միայն 60-ականներին, բայց Եգիպտոսում ծնված, Մելքոնյան վարժարանում, ապա Կահիրեի ու Փարիզի ակադեմիաներում ուսանած նկարիչն արդեն միջազգային փառատոնների ու ցուցահանդեսների մասնակից էր: Հայրենիքում ապրելու տարիների երազանքն իրականացրեց 1962 թվականին: Ընտանիքով տեղափոխվեց Հայաստան ու բոլորի համար բացահայտեց նոր Հայաստան, Հակոբ Հակոբյանի Հայաստանը:

«Ավելին երբեք չեմ ցանկացել, միայն նկարել, նկարներս վաճառել, ուրիշի ձեռքի տակ չաշխատել: Երջանիկ էր, որ երկար տասնամյակներ արդեն ուներ իր արվեստանոցը, ուր նրա աշխարհն էր, ստեղծագործությունները` իր նման լուռ, խորը և տարողունակ: Նրա լռության մեջ էլ անգամ ասելիք կար, Հակոբ Հակոբյանի ներկայությունն ամենուր պատկառանք էր ներշնչում: Նկարչի հակիրճ խոսքն անգամ սթափեցնող էր: Դա մտավորականի խոսք էր: Օտարությունից հայրենիք վերադարձած նկարիչը չէր դադարում զարմանալ` ինչպես կարելի է լքել հայրենիքն ու հեռանալ Հայաստանից:

«Քանի դեռ քիչ ենք, փոքր ենք, մեզ խփելու են, որովհետև փոքրին չեն սիրում, փոքրից չեն վախենում: Մենք պիտի շատանանք ու միասին լինենք, մեր հողի վրա ապրենք, մեր հողի վրա ամրանանք»,-ասում էր Հակոբ Հակոբյանը:

Բարկանում էր, երբ իր մասին ասում էին` դուք մեծ նկարիչ եք: «Բա մեծերն ինչ ըսեն» արձագանքում էր: Առանձնացրել էր հայ գեղանկարչության ամենամեծերի իր եռյակն ու երազում էր Երևանում տեսնել` Սարյանի, Կալենցի ու Մինասի ընդհանուր թանգարանը: «Այդ թանգարանով կարող են ճանաչել որն է իրական հայ գեղանկարչությունը»,-համոզված էր Հակոբ Հակոբյանը: Նույն վստահությամբ նրա արվեստի երկրպագուները ևս կարող են պնդել` Հակոբ Հակոբյան նկարչի ձեռագրում կարելի է բացահայտել իրական հայ գեղանկարչությունն ու ճանաչել իրական Հայաստանը` նրա նման լուռ, խորը և տարողունակ:

Ցուցադրել ավելի
Back to top button