Հասարակություն

Դեսպան Նազարյանի նամակը` ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Խոջալուի դեպքերը շահարկելու և այդ առթիվ Նյու Յորքում ադրբեջանական կողմի ամոթալի քարոզչոթյան մասին օրերս ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը նամակով դիմել է կազմակերպության Գլխավոր քարտուղարին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 8-ին տարածվել է ՀՀ դեսպանի այդ նամակը որպես ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, որում մասնավորապես նշվում է. «Դժբախտաբար, վերջերս Ադրբեջանը շահարկում է Խոջալուի դեպքերը` ուժգնացնելու համար իր հակահայկական քարոզչությունը, ինչպես ՄԱԿ-ում, այնպես էլ դրա շրջանակից դուրս»:

Հղում կատարելով «Ադրբեջանա-ամերիկյան դաշինք» կազմակերպության կողմից Նյու Յորք քաղաքի որոշ վայրերում փակցված «Խոջալուի ցեղասպանություն. Մարդկային ողբերգություն Ադրբեջանում. օգնիր ադրբեջանցիներին ու հայերին հասնելու խաղաղության» խորագրով կոմերցիոն գովազդային վահանակներին` դեսպանը նշում է, որ «….քաղաքի, ուր գտնվում են ՄԱԿ-ի կենտրոնակայանն ու ամենամեծ թվով անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները, hասարակական կյանքում այս անթույլատրելի միջամտությունից զատ, խորապես մտահոգիչ է փաստերի աղավաղումն ու էթնիկ նախապաշարմունք պարունակող այսպես կոչված «հասարակությանը տեղեկացնելու» այս քարոզարշավը, որն իրականացնում է Ադրբեջանի կառավարությունն իր PR գործակալի միջոցով: Այս սարսափելի նախաձեռնությունը, որը ֆինանսավորում է Ադրբեջանը, ծնում են քսենոֆոբիա և ատելություն ու վտանգում ազգերի ձգտումը հաստատելու հարատև խաղաղություն` հիմնված ճշմարտության և արդարության վրա: Ադրբեջանը մշտապես աղավաղում է 1992թ. Խոջալուի դեպքերի իսկությունը, որոնք համաձայն միջազգային տարբեր կազմակերպությունների ու ադրբեջանական բարձրաստիճան ղեկավարների` ներառյալ այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի վկայակոչումների, կազմակերպվել էին Ադրբեջանի «Ազգային ճակատ» ընդդիմության կողմից` այդ ժամանակաշրջանի ադրբեջանական ղեկավարությունից ձերբազատվելու համար»:

Դեսպան Նազարյանը հավելում է, որ` «…դիմելով նման քայլերի` Ադրբեջանը փորձում է թաքցնել իր հանցագործությունները, խուսափել Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմականացնելու պատասխանատվությունից: Եվ եթե Ադրբեջանն իրապես ցանկանում է օգնել ադրբեջանցիներին ու հայերին հասնել խաղաղության և հակամարտության կարգավորման, «հասարակությանը տեղեկացնելու» այս անհիմն ու սադրիչ քարոզարշավի փոխարեն ջանքերն ու միջոցները պետք է ուղղի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ վարվող բանակցություններում կառուցողական մասնակցություն ունենալու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button