ԿարևորՄշակույթ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Երեկ երեկոյան վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը։  Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. մայիսի 24-ին, Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Հակոբ Հակոբյանը 1934–54 թթ-ին (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953 թ-ին Բուխարեստում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954 թ-ին մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958 թ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959 և 1961 թթ-ին՝ Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962 թ-ին Հակոբյանը հայրենադարձել է:

Ստեղծագործական առաջին շրջանում նկարիչը պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ: Նրա «Կինը խոհանոցում» (1959 թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961 թ.), «Վիշտ» (1961 թ.), «Դերձակը» (1962 թ.) և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով, գունանկարի յուրատիպ կառուցվածքով, շեշտված տխրության և առանձնության զգացումներով: Հակոբյանը մեծ ուժով է ընդհանրացրել հետեղեռնյան իր սերնդի հոգեվիճակը:

Գույների քնարականությամբ օժտված «Հայկական մոտիվ» (1968 թ.), «Գարուն» (1969 թ.), «Անդորր» (1970 թ.), «Մալիշկա գյուղը» (1970 թ.), «Ջրանցքի մոտ» (1972 թ.) և այլ գործերում ակնհայտ է նկարչի անսահման սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին՝ ո՜չ» (1977–78 թթ.), «Սումգայիթ» (1989 թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989 թ-ին տեղադրվել է Արագածի բարձունքին): 1970-ական թվականների նատյուրմորտներում Հակոբյանն առօրեական իրերի (վերարկու, ձեռնոց, աքցան և այլն) միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ («Մանեկեն և ծաղիկներ», 1972 թ., «Նատյուրմորտ», 1973 թ., «Ձկներ և ձեռնոցներ», 1973 թ., «Գործիքներ», 1976 թ., և այլն): Հակոբյանն ինքնակենսագրական հիշողությունների համատեքստում է ընկալվել և իմաստավորել ներկան, կյանքի երևույթները, համամարդկային գերխնդիրները («Հանրապետության հրապարակ», 2001 թ., «Վիրուսներ», 2003 թ., «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին», 2004 թ., և այլն):

Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպ շքանշաններով, արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին: Հակոբյանը 1988 թ-ին ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ:  Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր:

Հակոբյանի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Հակոբ Հակոբյանի կենսագրականը վերցված է «Դպրոցական Մեծ Հանրագիտարանից»։

Ցուցադրել ավելի
Back to top button