ԿարևորՀասարակություն

Թերի զեկույց, ոչ ողջամիտ որակումներ. փոխադարձ մեղադրանքներ ՄԻՊ տարեկան զեկույցի շուրջ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպանն  այս շաբաթ հատվածաբար հրապարակեց 2012-ի տարեկան զեկույցը: Ներկայացվեցին  4 ոլորտներին՝ ոստիակնության, արդարադատության,  դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտներին   առնչվող սեղմագրերը: Զեկույցն ամբողջությամբ  պաշտպանն առաջիկա օրերին կներկայացնի Ազգային ժողով, որի լիագումար նիստում էլ այն , համաձայն օրենսդրության պահանջների, քննարկման կդրվի: Ուշագրավ է, որ սեղմագրերի հրապարակումն անարձագանք չթողեցին պետական այն կառույցները, որոնց գործունեության անդրադարձել էր օմբուդսմենը: Իսկ արձագանքներում փոխադարձ մեղադրանքներ կան:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նախընտրեց տարեկան զեկույցը ներկայացնել հատվածաբար. նախորդ շաբաթ հրապարակվեցին ոստիակնության, արդարադատության,  դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեության ոլորտներին   առնչվող սեղմագրերը: Ոլորտներից յուրաքանչյուրի համար օմբուդսմենը նշում է այն բացթողումներն ու թերացումները, որոնք հետևանքով խախտվել են իրավունքները, առկայության դեպքում խոսում է նաև դրական զարգացումների մասին:

Ամենավերջինը, որ օրերս ներկայացվեց, Դատախազության և Հատուկ քննչական ծառայության գործունեությանն առնչվող ամփոփոգրերն են: Դատախազության մասով օմբուդսմնեը շարունակում է «մտահոգիչ համարել հսկողության թերացման հետևանքով բազմաթիվ քաղաքացիների իրավունքների սահմանափակումները և խախտումները, ինչպես նաև լիազորությունների չարաշահումները»:

Առանձին տողով անդրադառնում է  խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների՝ գրեթե տասնամյա վաղեմության քրեական գործերին՝ նշելով, որ դրանք լիարժեք և օբյեկտիվ բացահայտված չեն:

Դատախազության գործունեությունը դիտարկելիս օմբուդսմենը հարկ է համարել անդրադառնալ ընտարակաշառքի ու կալանքի  թեմաներին: Առաջինի մասով նշել է. « Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու դեպքերը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրման համար»:

Կալանքի կիրառման մասին էլ օմբուդսմենը արձանագրել է հետևյալը. «Մտահոգիչ է այն, որ Դատախազությունը խափանման միջոց ընտրելու հարցը լուծելիս, նախապատվությունը մշտապես տալիս է կալանավորման միջնորդություն դատարան ներկայացնելուն»: Նկատենք, որ նույն ձևակերպումը դատախազության գործունեության վերաբերյալ տեղ էր գտել նաև Օմբուդսմենի նախորդ ՝ 2011-ի զելկույցում:

Հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ ևս զելույցում ավելի շատ թերացումներ, քան ձեռքբերումներ են մատնանշցում: Ըստ օմբուդսմենի ամփոփումների՝ ծառայությունը հետամուտ չի եղել ուսումնասիրելու կամ խորությամբ չի ուսումնասիրել ինչպես իրեն ուղղված գրություններում, այնպես էլ մամուլում առկա պաշտոնատար անձանց կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի մասին տեղեկությունները: Ըստ հաջորդ գնահատականի՝ Ծառայությունը բավարար արդյունավետությամբ չի կատարել իր գործառույթները` կապված մարտի 1-ի 10 զոհերի մահվան փաստով կատարված նախաքննության հետ: Եվ վերջապես, բազմաթիվ  դեպքերում, ըստ Պաշտպանի, տեղի են ունեցել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ, մասնավորապես` չեն պահպանվել քրեական գործերի նախաքննության օրենքով սահմանված ժամկետները:

Որպես դրական իրողություն պաշտպանը մատնանշում է նախորդ տարվա համեմատ 2012 թվականի ընթացքում ծառայության վարույթում քննված գործերի քանակի աճը: Ու նաև դատախազության և Հատուկ քննչական ծառայության վերաբերյալ նշում է հանգամանքը, որ այս երկու գերատեսչությունները հիմնականում ապահովել են իրենց գործունեության թափանցիկությունն ու հրապարակայնությունը:

Դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը , կապված ոչ աշխատանքային օրերի հանգամանքի հետ, մեկնաբանություններ զեկույցում տեղ գտած գնահատականներին դեռ չեն տվել: Փոխարենը Արդարադատության նախարարությունն է արձագանքել ավելի վաղ ՝ գործունեության իր ոլորտին տրված գնահատականներին: Օմբուդսմեն- արդարադատության նախարար պարզաբանումների տոնայնությունները բավական ուշագրավ են, ուստի դրանք ներկայացնենք առանց մեկնաբանությունների:

Արդարադության նախարաությունը մարտի 7-ին անհրաժեշտ համարեց կայքում որոշ պարզաբանումներ ներկայացնել Պաշտպանի զեկույցի վերաբերյալ: Դրանում մասնավորապես հետևյալ ձևակերպումն է տեղ գտել. «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մեծ ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի համար: Սակայն, նմանօրինակ, մեղմ ասած, թերություններով կազմված զեկույցները կարող են վնասել այդ կարևոր  ինստիտուտի հեղինակությանը, անգամ վտանգի տակ դնել երիտասարդ, դեռևս կայացման փուլում գտնվող  այս ինստիտուտի հանդեպ  հանրության վստահությունը»: Ըստ նախարարության ՝ զեկույցի՝ արդարադատության ոլորտին  վերաբերվող հատվածում զգալի են ընդհանուր բնույթի պնդումները, հաշվի առնված չեն նախարաության իրավասության շրջանակն ու պատասխանատվության սահմանները, իսկ որոշ կառույցներին, օրինակ նոտարիատին վերաբերող գնահատականները  հիմնված են 2-3 տարվա վաղեմության տվյալների և դիտարկումների վրա:

Արդարադատության նախարարության այս պարզաբանումներին ի պատասխան  չուշացավ օմբուդսմենի գրասենյակի արձագանքը «Արդարադատության նախարարը կրկին հիասթափեցնում է» վերտառությամբ: Պատասխան արձագանքում օմբուդսմենի գրասենյակը ցավալի, բայց մարդկայնորեն հասկանալի է համարում  «պետական պաշտոնյաների ոչ ողջամիտ անհանգստությունը»:

Ապա հետևյալ ամրագրումն անում, թերևս փոքր-ինչ զգայական մետցմամաբ. «Բարեփոխումներ կան, բայց հեռու են կատարյալ լինելուց: Պետք չէ Օմբուդսմեն լինել, հասկանալ համար, թե ինչ խայտառակ վիճակում է դատական ոլորտը, կամ տեսնելու, որ  կոռուպցիան և ապօրինությունն դեռ կան  ԴԱՀԿ ծառայությունում, նոտարիատում և կալանավայրերում:

Ինչևէ,  առաջիկա օրերին դեռևս սպասվում են պետական մյուս գերատեսչությունների գործունեությանը վերաբերող ամփոփումները, ապա նաև զեկույցի ամբողջական ներկայացուցմը Ազգային Ժողովում, ինչն օրենսդրությամբ ամրագրված պահանջ է:

Ցուցադրել ավելի
Back to top button