ԿարևորՀասարակություն

Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը Հայաստան կայցելի

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը մարտի 10-12-ը Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակում կլինի Հայաստանում: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրության համաձայն` բրիտանացի փոխնախարարը Երեւանում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Երկուշաբթի օրը Երեւանում բրիտանական դեսպանատանը նախատեսված է Ֆրեյզերի ճեպազրույցը լրագրողների հետ։ «Սայմոն Ֆրեյզերը մեծ սպասումներ ունի Երեւան կատարելիք իր առաջին այցից, որի ընթացքում նա նախատեսում է քննարկել Եվրամիություն — Հայաստան հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջեւ մասնավորապես առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր», — ասված է հաղորդագրությունում։

Սայմոն Ֆրեյզերը Միացյալ Թագավորության արտգործնախարար Ուիլյամ Հեյգի արտաքին քաղաքականության գծով գլխավոր խորհրդականն է եւ պատասխանատու է Լոնդոնում արտգործնախարարության աշխատանքի եւ աշխարհի տարբեր երկրներում գործող բրիտանական կառավարության ներկայացուցչությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button