ԿարևորՔաղաքական

Կանայք կարող են իրական քաղաքականություն ստեղծել. ասում են կին քաղաքական գործիչները

Լուսինե Վասիլյան 

«Ռադիոլուր»

Շատ հետազոտություններ փաստում են. կառավարման բոլոր մակարդակներում կնոջ ներկայությունը կայունացնող ազդեցություն ունի: Կան վերլուծություններ էլ , ըստ որոնց ՝ որքան մեծ է կանանց ներկայությունը , այդ քան պետության զարգացման վեկտորն ավելի սոցիալական է: Լավագույն օրինակն այս դեպքում Սկանդինավյան պետություններն են: Ընդհանրապես, անկախ հետազոտություններից ու վիճակագրությունից, կանանց ներկայությունն ազդում է կառավարման որակի վրա: Թե ինչպես է դա դրսևորվում հայաստանյան իրողություններում՝ այսօր քննարկել են կին քաղաքական գործիչները:

Կանանց մասնակցությունը ֆորմալ դերակատարումից աստիճանաբար իրական է դառնում՝ կարծում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը: Նա փոփոխություններ է արձանագրում հասարակության մեջ, նաև քաղաքական համակարգում: Մինչև վերջերս շաղքական դաշտում, ըստ Սեդրակյանի, շատ բան միֆոլոգիական էր, այսինքն`«Իշխանությունից անվերապահ բոլորը վախենում էին, ընդդիմությանը անվերապահ բոլորը սիրում էին, և այդ անվերապահությունը Հայաստանը բաժանում էր երկու մասի, երկուսն էլ առասպելական»:

Հասարակությունն, ըստ Սեդրակյանի, այլևս հրաժարվել է առասպելացման այս մոտեցումներից, ավելին՝ ձաևավորվել է որպես ինքնուրույն երրորդ կողմ, ու դրանում անուրանալի է կանանց մասնակցությունը: «Հասարակության ամենաակտիվ ու ամենագիտակից մասը, տղամարդիկ թող չնեղանան, բայց սա նաև դեմագրաֆիապես է այդպես, հավասարապես քննադատաբար՝ վերաբերվում թե’ իշխանական, թե’ ընդդդիմադիր պոստուլատներին: Կարծում եմ՝ հենց այսպիսի միջավայրում կանայք ի զորու են ստեղծել իրական քաղաքականություն»:

Կանայք առողջ դիրքերից են գնահատում քաղաքականությունը, բայց քաղաքականությունն ինքն այնքան նրբանկատ չէ կանանց նկատմամբ: Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է, որ հասարակությունը խոշորացույցով հետևում է կին գործիչներին, ու նրանց նկատմամբ ավելի խիստ է, քան տղամարդկանց: «Կանանց նկատմամբ պահանջներն ավելի մեծ են: Այն, ինչ ներվում է տղամարդկաց, չի ներվում կանանց»:

Անուշ Սեդրակյանն այս դիտարկմանը համաձայն չէ: Հասարակությունը ոչ թե կանանց նկատմամբ, այլ ընդհանրապես է ավելի պահանջկոտ ու ավելի քննախույզ է դարձել: Թարմ են հետընտրական կրքերը: «Հետընտրական թոհուբոհի մեջ ուրվագծվեց ռեալ շուկայական կռիվ միկրոֆոնների առաջ, որին մասնակից էին թե կանայք, թե տղամարդիկ, թե արվեստագետները: Հասարակությունը պետք է պահանջի, որ ցանկացած մարդ ելույթ ունենալուց եւ հայտարարություն անելուց առաջ, անկախ սեռից, հարգի դիմացիններին»:

Այս սկզբունքն, ըստ Սեդրակյանի պետք է գործի անկախ հանգամանքից, թե ով է անհարգալից բանավիճողը ՝ հասարակության կողմից շատ սիրված, թե ընդհակառակը. չսիրված մեկը: «Բոլորին էլ հավասրապես ներելի չէ»:

Ժամանակակից աշխարհըը սիրում է կանանց ներկայությունը չափել քվոտաներով. այսքան ներկայություն խորհրդարանում, այսքան ներկայություն կուսակցություններում: Ժամանակի ընթացքում քվոտաները, նույն արևմտյան երկրների օրինակով, կանանց ներկայության օգտին են փոխվել: 1983-ի ընտրություններին , օրինակ, Մեծ Բրիտանիայում խորհրդարան մտած կանանց թիվը 6 տոկոս էր, քսան տարի անց՝ արդեն 20 տոկոս:

Բոլորովին վերջերս, մարտի 5-ին Միջխորհրդարանական միությունը հրապարակել է զեկույց, որը ներկայացնում է 2012թ աշխարհի խորհրդարաններում․ կանանց ներկայացվածության վիճակագրությունը։ Ըստ դրա՝ անցյալ տարի խորհրդարանական ընտրություններ են անցկացվել 48 երկրում։ Դրանցից 22-ում օգտագործվել են քվոտաներ, որոնք հանգեցրել են օրենսդիրների շրջանում կանանց թվի ավելացման մինչև 22-24%։ Անուշ Սեդրակյանը կողմնակից է կառավարման համակարգում կանանց ներկայությունը ոչ թե քանակապես, այլ որակապես ապահովելուն: Զուտ գենդերային մասնակցությունն ուղղակի արհամարհանք է կնոջ հանդեպ ՝ ասում է վերլուծաբանը: Կարինե Աճեմյանի կարծիքով էլ՝ քաղաքականությանը խելացի եւ կազմակերպված կանայք են պետք: Քվոտաները օգնում են, որ կանայք երկրորդ պլան չմղվեն:

Back to top button