ԿարևորՀասարակություն

Երկրի առջեւ ծառացած վտանգներն են տղամարդկանց կարեւորության առաջին գիծ մղում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Ինչպիսին է հայ կնոջ դերն ու նշանակությունը ՀՀ քաղաքական ու հասարակական գործընթացներում. այսօր այս թեմայի շուրջ իրենց դիտարկումներն են ներկայացրել 4 տարբեր ոլորտներ ներկայացնող հայ հայտնի կանայք` Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, ՀՀԿ- ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը եւ «Զինվոր» ՀԿ  հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատյանը: 

Մեր երկրի առջեւ ծառացած վտանգներն են տղամարդկանց կարեւորության առաջին գիծ մղում, եւ դա տեղափոխվում է նաեւ այլ ոլորտներ՝ քաղաքականություն, ղեկավարություն  եւ այլն,- նշեց Լարիսա Ալավերդյանը` վստահւթյուն հայտնելով, որ տղամարդկանց պատիվը ավելի բարձր կլինի, եթե կնոջը թույլ տան արժանի տեղ զբաղեցնել։

Ամեն ինչ ոչինչ է դառնում, երբ մարդ կորցնում է իր առողջությունը, մասնագիտության բերումով այսօր հիշեցրեց Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Կնոջ դերն ամենեւին չստորադասելով` Խաչանուշ Հակոբյանն ընդգծեց, որ առանց  տղամարդկանց կանանց կյանքն արժեզրկվում է։
Մենք՝ որդեկորույս մայրերով, պատերազմ լինելու դեպքում պատրաստ ենք մեր որդիների փոխարեն պաշտպանել հայրենիքը, ասուլիսին իր այս վստահեցումն էր բերել «Զինվոր» ՀԿ  հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Շնորհավորում եմ մեր մայրերի միամսյակը եւ Աստծուց խնդրում, որ մենք լինենք վերջին մայրերը, ովքեր հավիտենական համազգեստը եւ սեւը կրեցին՝ կորցնելով իրենց զավակներին: Թող նրանց համբերություն լինի: Մեր հավերժի ճամփորդ որդիների անունից շնորհավորում եմ հայոց մայրերին՝ ուժ, կորով, համբերություն մաղթելով»,- ասաց Խաչատրյանը:

Որևէ մեկի մտքով չանցնի, թե  կանայք  թույլ արարածներ են. շեշտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Եթե հեղափոխություն լինի, և կանայք վերցնեն իշխանությունն աշխարհում, հաստատ աշխարհն ավելի լավն է լինելու:
«Թող ներեն ինձ  բոլոր տղամարդիկ, բայց կինն ավելի ուժեղ տեսակ է, ավելի առաջնորդող…. Առանց կանանց մասնակցության որևէ երկիր երկիր չի դառնա, կյանքը առաջ չի գնա, որովհետև կյանք արարողը կինն է»,- ասաց պատգամավորը և հավելեց, թե լավ կլինի, եթե օրենսդիր ու գործադիր մարմնում շատ լինեին կանայք։

Back to top button