ԿարևորՄիջազգային

Արա չարություն եւ ծնողներիդ ուղարկիր բանտ

Իռլանդական Գոլուեյ քաղաքի դատավոր Ալան Միտչելը արդարադատության իրականացումը դրել է ամբաստանյալների 15- ամյա որդու ուսերին: Դատավորի որոշմամբ դեռահաս տղան պետք է ինքը որոշի, թե իր ծնողներից ով է հայտնվելու ճաղերի հետեւում, գրում է The Irish Examiner-ը: 

Ծնողներից մեկին սպառնում է 3 շաբաթյա, իսկ մյուսին` պայմանական ազատազրկում: Քրեական գործը հարուցվել է աշակերտի դասերից չարամիտ բացակայելու փաստով: Նա 114 ուսումնական օրերից բացակայել է 91-ից: Իռլանդական դատական համակարգը այս փաստը համարում է որպես հասարակության եւ պետության համար սպառնալիք:

«Եթե Իռլանդիայում ամեն դեռահաս ինքնուրույն որոշի գնալ դպրոց, թե՝ ոչ, ապա երկրում անարխիա կհաստատվի»,- ասել է դատավորը: Նա դեռահասին 24 ժամ ժամանակ է տվել որոշելու համար, թե ծնողներից որ մեկը կգնա բանտ:
Իր հերթին փաստաբանն առաջարկել է որոշումը հետաձգել մեկ ամսով: Ապրիլին տղան կդառնա 16 տարեկան, եւ ինքը պատասխանատվություն կկրի իր քայլերի համար:
Դատավորը համաձայնել է հետաձգել որոշումը մեկ ամսով, սակայն մի պայմանով. դեռահասն այս ընթացքում պետք է գնա դպրոց, հակառակ դեպքում՝ նրա ծնողներից մեկը ազատազրկման կդատապարտվի:
Դատավոր Միտչելը տղայի ծնողներին խնդրել է հավաքել իրերը եւ սպասել ապրիլի 10-ին բանտ գնալու համար, եթե որդին չփոխի վարքագիծը: Դատավորը որոշել է , որ ծնողներին հերթով կուղարկի բանտ, քանի դեռ տղան չի ուղղվի, իսկ նրանց «նստելու» հերթականությունը որոշելու է դպրոցականը:

Ի դեպ, փաստաբանը նշել է , որ դեռահասը բարդ ընտրության առաջ է կանգնած, քանի որ սիում է ե’ւ հորը, ե’ւ մորը:

Back to top button