

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Լինաս Լինկյավիչյուսի այսօր Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ բազմաբնույթ համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային կարեւորության հարցեր:
Հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ վերջին 3 տարվա ընփացքում երկու երկրների ԱԳ նախարարները 6 անգամ հանդիպել են: Ըստ նրա՝ պայմանավորվածություն է ձեռքբերվել հետևելՀայաստանի և Լիտվայի նախագահների մակարդակով երկու տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, ինչպես նաև շարունակել ինտենսիվ խորհրդատվությունները արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց միջազգային կազմակերպությունների շրջանակներերում երկու երկրների համագործակցության մակարդակով:
Անցյալ տարեվերջին Լիտվայի արտգործնախարարի պաշտոնն ստանձնած Լինաս Լինկյավիչյուսը նշեց, որ ավելի վաղ եղել է Հայաստանում իր երկրի պաշտպանության նախարարի կարգավիճակում: Ընդհանուր առմամբ՝ նա իր գոհունակությունը հայտնեց հայ-լիտվական հարաբերությունների ներկա մակարդակից:
Ըստ լիտվացի նախարարի՝ այցի շրջանակներում քննարկվել են Հայատան-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր, քանի որ հուլիսի 1-ից Լիտվան ստանձնելու ԵՄ նախագահող երկրի պարտականությունները:
Լինաս Լինկյավիչյուսը ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստանը առաջընթաց է արձանանագրել ասոցացման համաձայնագրի բանակցություններում, ինչպես նաև` ազատ և համապարփակ առևտրի բնագավառում:
Նա հույս հայտնեց, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Հայաստանը Եվրաիտեգրման ծրագրերում զգալի հաջողությունների հասած կլինի, մասնավորապես՝ ավարտված կլինեն Ասոցացման համաձայնագրի և Ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները:
Բացի դրանից՝ լիտվացի արտգործնախարարը կոչ արեց հայաստանյան քաղաքական ուժերին հասնել կոնսենսուս՝ ուշադրությունը կենտրոնացնելով եվրաինտեգրման գործընթացին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ մայիսի 16-ին մեկնարկող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը: Այս իրադարձությանը ընդառաջ մարտի կեսին մեր երկիր կայցելի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Հայաստանի նախագահության շրջանակներում նախատեսված են մի շարք կարեւոր միջոցառումներ` խորհրդարանների, ԱԳ նախարարների, Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով, ինչպես նաև մշակութային եւ կրթական ոլորտներում:
Կարեւորագույն իրադարձություններից կլինի նաեւ Հայաստանի նախագահի այցը Ստրասբուրգ, հավելեց նախարարը: