ԿարևորՔաղաքական

Իրակլի Ալասանիա.«Հայ եւ վրաց ժողովուրդները ոչ միայն հարեւաններ, այլեւ բարեկամներ են»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա: Մեր երկրի պաշտպանական գերատեսչության վարչական համալիրում վրացի պաշտոնյայի դիմավորման արարողությունից հետո, տեղի է ունեցել երկու երկրների պաշտպանության նախարարների առանձնազրույցը: Արդյունքների մասին Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները լրագրողներին փոխանցել են առանձնազրույցից անմիջապես հետո հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում:

Վրաստանի պաշտպանության նախարարը գոհ է հայաստանցի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքներից, առավել եւս, որ այն անցել է, Իրակլի Ալասանիայի ձեւակերպմամբ, շատ ջերմ մթնոլորտում:
«Հայ եւ վրաց ժողովուրդները ոչ միայն հարեւաններ, այլեւ բարեկամներ են: Պատմական բարեկամությունը թույլ չի տալիս, որ մենք այլ կերպ ապրենք, քան բարիդրացիական հարաբերությունները շարունակելը»,-շեշտեց հարեւան երկրի պաշտպանության նախարարը` հավելելով, որ ուրախ է Հայաստան այցի համար: «Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու այցը Հայաստան նույնպես խոսում է այն մասին, որ մեր հարաբերությունները ապագայում եւս պիտի զարգանան ու խորանան»,- հավելեց Իրակլի Ալասանյան:

Արձագանքելով հարցին, թե ինչպես է Վրաստանի պաշտպանության նախարարը վերաբերում քաղաքացիական ինքնաթւռները խոցելու գաղափարին` Իրակլի Ալասանյան նախ զարմացած շեշտեց, թե ցանկացած մարդ` լինի պաշտպանության նախարար, թե ոչ` չի կարող ընկալելի համարել նման գաղափարը, ապա նա նույն զարմանքով հետաքրքրվեց, թե ինչու իրեն լրագրողը նման հարց ուղղեց: Հստակեցնելով, որ նման սպառնալիք Ստեփանակերտին ուղղել է Ադրբեջանը` Վրաստանի պաշտպանության նախարարն այսպես շարունակեց.«Ես կարծում եմ, որ մենք արդեն բավականին խոսեցինք տարածաշրջանային անվտանգության մասին. այն մասին, որ բոլոր հակամարտությունները, թյուրիմացությունները պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով: Ես վստահ եմ, որ տարածաշրջանային անվտանգությունը մեր համատեղ ջանքերով կլինի բավարար բոլորիս համար, եվ, իհարկե, քաղաքացիական ինքնաթիռների համար նույնպես»:

Վրաստանի պաշտպանության նախարարը նաեւ արձագանքեց Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի առկայության վերաբեյալ Վրաստանի գործող նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի գնահատականին առնչվող հարցին: Հիշեցնենք` վերջինս այն համարել էր սպառնալիք Վրաստանի համար: Իրակլի Ալասանյան ասաց, թե հայ գործընկերոջ հետ խոսել են բոլոր այն վտանգների մասին, որոնք կան տարաշծաշրջանում, մասնավորապես, որ ռուսական ռազմակայանի առկայությունը Աբխազիայում եւ Օսեթիայում սպառնալիք է Վրաստանի համար: «Սակայն, ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային` մենք համոզված ենք, որ հայկական կողմը երբեք թույլ չի տա, որ այդ բազաներն օգտագործվեն ի վնաս Վրաստանի շահերի»,-թեման եզրափակեց Վրաստանի պաշտպանության նախարարը:
Անդրադառնալով իրենց առանձնազրույցի արդյունքներին` նախարարները տեղեկացրին, որ բանակցությունների ընթացքում խոսել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության խնդիրների մասին:

Անդրադարձ է կատարվել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի: Մեր երկրի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նախ հետեւյալ ձեւակերպմամբ ամփոփեց. «Անկասկած մենք արձանագրում ենք, որ հայ-վրացական ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ դինամիկ կերպով զարգանում է, ինչպես նաեւ` մենք միակարծիք ենք տարածաշրջանային անվտանգության ապահովման խնդիրների, հատկապես հակամարտությունների լուծման հարցում»:

Տարածաշրջանային անվտանգության խնդիրները տարածաշրջանի բոլոր երկրների համար անչափ կարեւոր են եւ առկա հակամարտությունները պետք լուծվեն բացառապես փոխհասկացողության, երկխոսության` խաղաղ բանակցությունների միջոցով` արձանագրում են Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները: Սեյրան Օհանյանը նաեւ այսպիսի դիտարկում ներկայացրեց:

Նախարարներն ասացին, որ իրենք արդեն որոշել են 2013 թվականի համար երկկողմ համագործակցության ուղղությունները` ռազմական կրթություն, խաղաղապահություն, ռազմավարական բարեփոխումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումների` լեռնային ուսումնական կենտրոններում պատրաստության կազմակերպում: Ամենագլխավորներից մեկը` նախարարները որոշել են կատարելագործել գոյություն ունեցող իրավական դաշտը, ինչը հնարավորություն կտա երկկողմ հարաբերությունների զարգացմամբ նպաստել տարածաշրջանային անվտանգության խնդիրների լուծմանը:

Ցուցադրել ավելի
Back to top button