ԿարևորՏնտեսական

Ձուկը կթանկանա մոտ 300 դրամով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանյան արտադրության ձկնամթերքը համապատասխանում է սննդի անվտանգության չափանիշերին, եւ Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի արտահանման արգելքը մասամբ պահպանելու մասին ռուսական կողմի քայլն անհիմն է, այսօր հայտարարել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը։
 Հիշեցնենք, որ 2012 թ-ին ձկնաբուծական չորս ընկերությունների վրա ձուկ արտահանելու արգելք էր դրվել՝ աղիքի ցուպիկի առկայության պատճառաբանությամբ:
«Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունը, որը զբաղվում է սննդի անվտանգության չափանիշերի պաշտպանությամբ, բացահայտ տեքստով ասել է, թե արգելքը պատվերի արդյունք է, սակայն չեն կարող ասել, թե ով է պատվիրատուն, հայտարարեց Արթուր Աթոյանը` անհիմն որակելով ձկան որակին վերագրվող խնդիրները:
Արթուր Աթոյանը պնդում է, որ Հայաստանում արտադրվում է էկոլոգիապես մաքուր ձուկ, եւ Ռուսաստանում առաջ եկած խնդիրն անառողջ մրցակցության հետեւանք են` ուղղված այդ երկրում հայկական արտադրության ձկնամթերքի ձեռք բերած ազդեցիկ դիրքը թուլացնելուն:
Արթուր Աթոյանն ընդգծեց, որ ձկնամթերքի ռուսական շուկայում հայկական ընկերությունների հետ մրցակցում են թուրքական եւ նորվեգական ընկերությունները: Անգամ արձանագրվել են դեպքեր, երբ ռուսաստանյան խանութներում այլ ծագման ձկնամթերքը ներկայացվել է որպես հայկական իշխան:
Բողոքող հայ տնտեսվարողներին խանութում պարզաբանել են, թե շփոթություն է եղել: Եթե ռուսաստանյան շուկայում իրոք հայտնաբերվել է աղիքային ցուպիկներ պարունակող ձուկ, ապա հնարավոր է` այն եւս ունեցել է այլ երկրի ծագում, սակայն վաճառվել հայկականի անվան տակ, ենթադրում է Արթուր Աթոյանը:
Նրա մեղադրանքը դեռ կասկածների մակարդակով է, սակայն ամեն դեպքում Հայ ձկնաբույծների միավորման ղեկավարի բոլոր վստահեցումները հայաստանյան արտադրության ձկան որակի օգտին են, անգամ եթե դրանք աճեցվում են արհեստական ջրամբարներում:
Ստեղծված իրավիճակից ելքը Արթուր Աթոյանը տեսնում է արտահանման նոր շուկաների ձեռքբերման մեջ, «որպեսզի ամեն անգամ ռուսական կողմի քմահաճույքի դեպքում խնդիրների առջև չկանգնենք»,- ասաց Աթոյանը:
Միաժամանակ նա հնարավոր է համարում  ձկան գնի բարձրացումը Հայաստանում մինչև 300 դրամով։ Նա դա պայմանավորեց արտահանման հետ կապված խնդիրների մասամբ   լուծմամբ, հետևաբար վաճառքի տեմպերն էլ կկարգավորվեն, գինն էլ կբարձրանա։
Ներկայում ձկան մեծածախ վաճառքի գինը 1450 դրամ է, Հայաստանում ներկայում գործում է 215 ձկնաբուծարան։ Նախորդ տարիների համեմատ դրանց թիվն ավելացել է, սակայն ջրի սակավության պատճառով փակվել են 57 ձկնաբուծարաններ:

Ցուցադրել ավելի
Back to top button