ԿարևորՏնտեսական

Զբոսաշրջությունը պետք է ունենա տարածաշրջանային բնույթ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մարտի 1-2- ը Երևանում անցկացվել է կովկասյան զբոսաշրջային 12-րդ ցուցահանդեսը: Այս տարվա ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 75 կազմակերպություններ, այդ թվում` 58-ը ՀՀ 11 մարզերից:

 1999 թվականից անցկացվող այս միջոցառումն արդեն դարձել է զբոսաշրջային օպերատորների եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հանդիպման ու գործնական կապերի հաստատման հարթակ: Խոսելով ցուցահանդեսի կարևորության մասին` Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանը նկատեց, որ հասունացել է այն պահը, երբ զբոսաշրջությունը ոչ թե պետք է զարգանա կոնկրետ ինչ որ երկրում, այլ այն  պետք է ունենա տարածաշրջանային բնույթ։
Նշենք, որ բացի զբոսաշրջային օպերատորներից ցուցահանդեսին մասնակցում են զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ ու հանգստյան տներ, ավիաընկերություններ, զբոսաշրջային կրթական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջության ոլորտը լուսաբանող ամսագրեր ու լրատվական գործակալություններ:

Ցուցահանդեսի տարեց տարի բարելավումը նկատել է նաև ԱՄՆ ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի ղեկավար Բրունո Քորնելիոն: Ինչպես նշեց, այս տարվա ուշադրության կենտրոնում էին մարզային հնարավորությունները:

«Մեր նպատակներից է խթանել զբաղվածության, եկամուտների և արտահանման աճը: Ինչպես գիտեք կառավարությունը նպատակ ունի 2014 թվականին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 1 մլն-ի»:

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button