ԿարևորՀասարակություն

ԱԳՆ շենքի վաճառքը մտահոգում է ճարտարապետներին

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Կառավարական երկրորդ շենքի, ավելի շատ հայտնի որպես ԱԳՆ շենք, օտարումը և դրա հյուրանոցի վերածման հեռանկարները հարուցել են հայ ճարտարապետների մտահոգությունը: Այս կապակցությամբ Հայաստանի ճարտարապետների միության և ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Մինասյանը նախօրեին նամակով դիմել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝  այս շենքի աճուրդի գործընթացը դադարեցնելու կոչով։
Ըստ Մկրտիչ Մինասյանի՝ գործընթացում հաշվի չի առնվել, որ արտաքին գործերի նախարարության շենքը հանրապետական կարգի հուշարձան է, Հանրապետության հրապարակում է գտնվում, որը մեր մայրաքաղաքի վարչական կենտրոնն է:

Մինասյանը ընդգծեց, որ կառավարական երկրորդ շենքի ճակատագրով մտահոգությունը անհիմն չի, քանի որ առկա են պետության կողմից ցուցաբերվող ակնհայտ անտարբերությունը, մասնավոր սեփականատերերի կողմից դրսևորվող անհանդուրժելի, հաճախ բարբարոսության հասնող կամայականությունները:

Անվանի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը  ԱԳՆ շենքը հյուրանոց վերածելը  հակաօրինական է համարում: Ըստ նրա, ցավոք, սա եզակի դեպք չէ: Ճարտարապետը գտնում է, որ այն դիտարկումները, թե ԱԳՆ շենքը հարմարեցված չէ արտաքին քաղաքական գերատեսչության պահանջներին և կարիք կա նոր շենքի, չեն կարող հիմք ծառայել շենքի գործառույթի փոփոխման համար:

Ըստ ճարտարապետի՝ քանի որ կառավարական երկրորդ շենքը ստեղծվել է վարչական կարիքների համար, այն կարելի է օգտագործել միայն այդ նպատակով:

Ցուցադրել ավելի
Back to top button