ԿարևորՀասարակություն

2012թ-ին ՀՀ ԱԻ նախարարությունն արձանագրել է լուրջ առաջընթաց

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են ԱԻ նախարարության 2012 թվականի գործունեության արդյունքները: Նիստին ներկա են եղել ՀՀ ԱԻ նախարարը, կառույցի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Անցած տարվա ընթացքում ՀՀ ԱԻ նախարարությունն արձանագրել է լուրջ առաջընթաց թե’ պատրաստվածության, թե’ տեխնիկական հագեցվածության, թե’ բնակչության կողմից ձեռք բերված վստահության առումով:

Հաշվետու ժամանակահատվածում ԱԻ նախարարության կառուցվածքային, առանձնացված ստորաբաժանումների նախարարության ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ների գործունեությունն ուղղված է եղել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը, այսօրվա նիտում տեղեկացրեց փրկարար ծառայության տնօրեն, գեներալ- մայոր Սերգեյ Ազարյանը: Վերջինս նշեց, որ կառուցվել և տեխնիկապես հագեցվել է միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխան ճգնաժամային կառավարման կենտրոնը և կարևորեց մարդուն հրատապ օգնության հասնելու «911» ծառայության դերը:

Ըստ Ազարյանի` 2012 թվականի ընթացքում 2011-ի հետ համեմատ արտակարգ դեպքերը նվազել են 489-ով, սակայն զոհերի թիվն աճել է 32-ով, վիրավորների թիվը ` 478-ով: Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե ինչ վիճակում են գտնվում մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնները: Զեկուցող Սերգեյ Ազարյանն էլ պատասխանեց, որ ԱԻ նախարարի հրամանով պետք է 10-ը մարզերում ստեղծվեն ճգնաժամային կենտրոններ, 4-մարզերում ` Շիրակում, Սյունիքում, Լոռիում և Գեղարքունիքում այս տարի պետք է խնդիրը լուծվի:

ԱԻ նախարար Արմեն Երիցյանն իր խոսքում նշեց, որ 2012 թվականին իրենց առջև դրված խնդիրը իրենք կատարել են, սակայն կան բացթողումներ, որոնք նախարարությունը պետք է շտկի այս տարի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեռք է բերել 16 ամենագնաց ավտոմեքենա, որոնցից 5-ը վերասարքավորվելուց և կահավորվելուց հետո տրամարդրվել են մարզային ստորաբաժանումներին:

Արմեն Երիցյանը տեղեկացրեց, որ իրենք կապվել են Կանադայի և այլ երկրների հետ, որտեղից կբերվեն փրկարարական հատուկ մեքենաներ: Նախարարը շեշտեց, որ 2013 թվականին փրկարարները պետք է դառնան միջազգային կազմակերպության անդամ:

Back to top button