Մեր այսօրվա ամենադաժան թշնամին ուծացումն է, կարծում է Հրանուշ Հակոբյանը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունն այսօր կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարությունում: Այն անցկացվում է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ 2010 թվականից:Մրցանակաբաշխությունը կատարվել է «Հայկական կրթօջախ», «Մայրենիի պաշտպան», «Հայկական լրատվամիջոց» անվանակարգերով, ինչպես նաև անցկացվել են «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը» շարադրությունների, ուսանողական հետազոտությունների մրցույթներ։
Այս անգամ մրցույթին մասնակցել է Սփյուռքի 144 հայկական կազմակերպություն և անհատ, որոնցից 121- ը արժանացան մրցանակների:
Հաղթողներին ողջունեց և շնորհավորեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Այսօր հաղթել են բոլորը, հաղթել են, որովհետև դժվարին պայմաններում իրենց ժամանակը նվիրաբերել և ջանք չեն խնայել տարբեր մշակույթներ կրող երկրներում պահպանել հայո՛ց լեզուն ու մշակույթը և դրանով իսկ կառչած մնալ արմատներին, քանի որ հայրենիքից դուրս ապրողի համար այսօր ամենահզոր թշնամին ուծացումն է»:
Ըստ Հրանուշ Հակոբյանի՝ իրականացվող բազում ծրագրերը համահայկական նշանակություն ունեն և ուղղված են հայապահպանությանը, քանի որ մեր այսօրվա ամենադաժան թշնամին ուծացումն է: