Հասարակություն

«Գետամեջ»-ի «Սառեցված հավ» արտադրանքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ

«ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջ» ապրանքանիշ) արտադրական պահեստներից նմուշառված «Սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:  Հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Ըստ ՍԱՊԾ-ի՝ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում դիտարկման արդյունքների հիման վրա իրականացված ստուգման ընթացքում պարզվել է նաև, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները և արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով: Մսամթերքի մորթի և վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն:

Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել է՝

1. Արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը,
2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից,
3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին և արտադրողի կողմից հետ վերցնել արտադրանքը սպառողներից:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button