ԿարևորՀասարակություն

Այսօր Սպարապետի ծննդյան օրն է

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, Հանրապետական կուսակցության նախագահ, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ։ Նրան կարելի է բնութագրել՝ վկայակոչելով բազմաթիվ պարգևներն ու զբաղեցրած պաշտոնները, բայց ամենադիպուկն ու պատվաբերն այն կոչումն է, որը շնորհեց նրան ժողովուրդը՝ Սպարապետ։ Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 54 տարեկան։

Ընդամենը 26 տարի առաջ նա փնտրում էր իր տեղն ու դերը հայ գրականության անդաստանում։ Արցախյան պատերազմն էր, որ արձակագիր Վազգեն Սարգսյանին զինվոր դարձրեց։ Նա առաջիններից էր, որ հասկացավ՝ զենքի մեջ է հայի փրկությունը։ Ու գնաց՝ հետևից տանելով հազարավորներին։ Գևորգ Բաղդասարյանի առաջին հանդիպումը Վազգեն Սարգսյանի հետ տեղի է ունեցել 1989 թվականին, Արարատի մարզի Դավալու գյուղում գտնվող Սպարապետի հայրական տան նկուղում, որտեղ արդեն ուրվագծվում էր գոյապայքարի հեռանկարը:

Գրողից զինվորական դառանալու ճանապարհը նա անցավ չափազանց արագ , քանի որ մեզ պարտադրված պատերազմը զինվոր էր պահանջում իսկ սպասելու ժամանակ չկար: «89-ին մեր առաջին հանդիպման ժամանակ ես հասկացա, որ գործ ունեմ զինվորական գործից հեռու անձնավորության հետ: Ընդամենը մեկ տարի անց ես հանդիպեցի բոլորովին ուրիշ Վազգեն Սարգսյանի հետ»,-պատմում է Արցախյան ազատամարտին մասնակցած Հատուկ նշանակության խմբի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը: Ազատամարտի բոլոր մասնակիցների մասին նա ուներ գրառումներ: Յուրաքանչյուրին ճանաչում էր անուն-ազգաններով: Վազգեն Սարգսյանը չափազանց շատ էր գնահատում ազատամարտի իր բոլոր ընկերներին, իսկ ճանապարհելիս տղաներին անպայման զգուշազնում էր` մտքներովդ չանցնի զոհվել:
Հայոց բանակը դարձավ նրա իղձն ու դավանանքը։ «Բաանկը Վազգենի տունն էր, նրա հպարտությունը»-, պատմում է Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա մայրիկը, ում խոստովանությամբ, այսօր էլ ինքն է նույն հպարտությունն ապրում բանակի հաջողությունների ու տխրում թերությունների համար:

Ազգային ազատագրական յուրաքանչյուր պայքար ծնում է իր հերոսներին։ 20-րդ դարավերջին մեր դեռ գոյություն չունեցող բանակն առաջնորդելու դժվարին պարտականությունը ճակատագրով նախասահմանվեց Վազգեն Սարգսյանին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհայանի խոսքով` Վազգեն Սարգսյանը իր ապրած կյանքով հստակ ցուցադրեց ոչ միայն հայ կամավորականի, զինվորի ու հրամանատարի , այլև ռազմական ու պետական գործչի օրինակելի կերպարը:

«Բանակը ազգային ինքնաճանաչողության հայելին է ու հայացքն՝ ապագային։ Բանակը, թերևս միակ ավազանն է, ուր միաձուլվում են մեր ժողովրդի բոլոր խավերը»,-ասում էր Վազգեն Սարգսյանը՝ ազգային միասնության կարևորության խորը գիտակցումով ու կոչ անում՝ խոստովանելով նաև սեփական վախերը:

«Դարը շուռ է գալիս։ Էջ ենք թերթում։ Նոր էջ ենք գրելու։ Մեր ձեռքով, ուրիշի թելադրանք չի լինելու։ Հազարամյակ է փոխվում։ Դա էլ իր ներքին արձագանքն է ստանալու մեր ինքնագիտակացության մեջ հոգեբանության, ենթագիտակցության։ Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս։ Շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս։ 21-րդ դարը մերն է լինելու»,-ասում է Վազգեն Սարգսյանը։ Այսօր նա կդառնար 54 տարեկան:

Ցուցադրել ավելի
Back to top button