ԿարևորՔաղաքական

ՕԵԿ խմբակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Արմեն Երիցյանը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

«Օրինաց երկիր» կուսակցությունը նախապատրաստվում է Երևանի ավագանու՝ մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասել է, կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ցուցակում երկրորդը Հովհաննես Շահինյանն է, իսկ երրորդ տեղում ՝ մանկավարժ Սոֆյա Արտենյանը: Հովհաննես Մարգարյանի կարծիքով ՝ այս եռյակը ՕԵԿ-ին լուրջ շանսեր է տալիս Երևանի հաջորդ ավագանիում կուսակցության ներկայությունն ապահովելու համար:

Արաբկիրի նախկին թաղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Հովհաննես Շահինյանը հազիվ մեկ տարի է, ինչ անդամակցում է « Օրինաց երկրին»: Այս կարճ համագործակցությունը, սակայն, ՕԵԿ-ում արդյունավետ են համարում` գնահատելով հատկապես ՏԻՄ ոլորտում Հովհաննես Շահինյանի փորձառությունը: Վերջինը Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ համամասնական ցուցակի երկրոդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Այս մեկ տարվա ընթացքում Հովհաննես Շաինյանը հասցրել է բավական մեծ աշխատանք իրականացնել»:

ՕԵԿ համամասնական ցուցակը, ինչպես հայտնի է դեռ նախորդ շաբաթվանից, գլխավորելու է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Պատասխանելով հարցին, թե այս որոշումն արդյոք նշանակու՞մ է, որ ՕԵԿ-ը հաջորդ կառավարությունում այլևս չի ակնկալում կուսակցական քվոտայով ստացած նախարարական այդ պորտֆելը, Հովհաննես Մարգարյանն ասաց, որ հաստատ է միայն այն, որ ՕԵԿ-ը ՀՀԿ-ի հետ կշարունակի կոալիցիոն համագործակցությունը, բայց կպահպանի նույն պորտֆելները թե ոչ , պարզ կդառնա ապրիլի 9-ից հետո:

«Թե ինչպե՞ս կլինի, թե կոալիցիայում ինչպե՞ս կբաշխվեն պորտֆելները, դրա մասին, կարծում եմ, միայն ապրիլի 9-ից հետո կարող ենք խոսել»:

Երևանի ավագանու նախորդ ընտրություններին ՕԵԿ-ը չհաղթահարեց անցողիկ 7 տոկոսի շեմը : Օեկ-ականներն իրենց պարտությունը պատճառաբանեցին քարոզարշավի բացթողումներով: «Այն բոլոր բացթողումները, որ 4 տարի առաջ ունեցել է մեր թիմը, այս անգամ հաշվի ենք առնելու: Եվ վստահաբար ասում ենք, որ ՕԵԿ-ը ժողովրդի վստահության քվեն այս անգամ կստանա Երևանում»:

Այդ վստահությունը ՕԵԿ-ին տալիս են նաև 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների արդյուքները: Այն, որ մեկ տարի առաջ ՕԵԿ-ը մայրաքաղաքում մոտ 7 տոկոս ձայն է ստացել, Հովհաննես Մարգարյանին հիմք է տալիս հուսալու, որ Երևանի հաջորդ ավագանիում ՕԵԿ-ը ներկայացված կլինի:

Անդրադառնալով հետընտրական իրավիճակին՝ ՕԵԿ ներկայացուցիչը հիմնականում կրկնեց այն գնահատականները, որ կուսկացությունն արձանագրել է հայտարարությամբ: Ասաց, որ Օրինաց երկիը ողջունում է « Ժառանգության» առաջնորդի ՝ ՍԴ դիմելու որոշումը՝ կարծելով, որ ընտրությունների արդյուքների հետ կապված տարաձայնություններին հնարավոր կլինի լուծում տալ իրավական հարթության մեջ: Ընդհանուր առմամբ ՝ ՕԵկ-ում կողմ են ընտրակեղծիքների համար մեղավոր բոլոր անձանց դատապարտմանը, բայց և չեն կարծում, որ նախագահական վեևջին ընտրություններում ընտրախախտումներն այնպիսի ծավալ են ունեցել, որ ազդեին ընտրությունների արդյուքների վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button