Հասարակություն

Սառցե քանդակների ցուցահանդես-փառատոն` Ջերմուկում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Մարտի 8-10-ը Ջերմուկում անցկացվելու է սառցե քանդակների ցուցահանդես-փառատոն: Այս մասին այսօր տեղեկացրել է «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Արտաշես Առաքելյանը: Փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ անգամ` Ջերմուկի քաղաքապետարանի, գործարարների, կամավորների աջակցությամբ:

Սառցե քանդակների ցուցահանդես-փառատոն` Ջերմուկում: Նախաձեռնությունը «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ին է` «Armenian Extreme Club» ՀԿ-ի եւ պետական մի շարք կառույցների աջակցությամբ: Նախաձեռնությունը թեեւ դեռ սիրողական բնույթ է կրում, սակայն նախաձեռնության հեղինակ «Armenian Extreme Club» ՀԿ նախագահ Գոռ Հովհաննիսյանը լիահույս է, որ փառատոնը մի քանի տարի անց միջազգային բնույթ կկրի, կստեղծվեն լուրջ քանդակներ ինչպես աշխարհի այլ երկրներում անցկացվող նմանատիպ փառատոներում:

«Նման փառատոն անցկացնելու նպատակն է Ջերմուկում ձմեռային տուրիզմի զարգացումը»,- նշեց ՀԿ-ի փոխնախագահը` հավելելով, որ թեև արդեն երկրորդ տարին անցկացվող փառատոնին մարզային կտրվածքով մասնակցությունը բավականին ակտիվ է, բայց կարևոր է, որ մասնակիցներ լինեն նաև Երևանից, այլ մարզերից, նաև զբոսաշրջիկներ:

Փառատոնին առաջին երեք տեղը գրաված քանդակների հեղինակները ստանալու են մրցանակներ: Սառցե քանդակների ցուցահանդեսի օրերին կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ: Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կիսում է մարզի հետ կապվող բոլոր սպասելիքները` սկսած գինու փառատոնից` վերջացրած նման այլ միջոցառումներով, քանի որ այս այս տարածքում դեռ բացահայտումների ու հիանալու շատ առիթներ կարելի է գտնել: Թեման շարունակելով` «Armenian Extreme Club» ՀԿ-ի ղեկավար Գոռ Հովհաննիսյանն ասում է, որ Հայաստանը չբացահայտված տեսարժան վայրեր շատ ունի: Դրանք հետաքրքիր են ոչ միայն հայերին, այլեւ օտարերկրացիներին, որոնք պարզապես հոգնել են միայն Գառնի ու Սեւան այցելելուց: Բանախոսը պատմեց, որ էքստրեմալ սպորտաձեւերի եւ տուրիզմի իրենց ակումբը զբաղվում է արշավներով եւ փորձում զարգացնել այս ճյուղը Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button