ԿարևորՔաղաքական

Էդվարդ Նալբանդյան.«ֆուտբոլային դիվանագիտությունը «շատ իմաստուն և ճիշտ» նախաձեռնություն էր»

Եթե դիվանագետը չի կարողանում պահել իր էմոցիաները, չի կարողանում զսպված լինել, ուրեմն առավելություն է տալիս հակառակորդին: Պետք է նաև լինել համեստ, համեստությունը ուժ է: Պետք է լինել զուսպ, և համբերատար և, ինչպես ասում են, եթե դու հավասարակշռությունդ կորցնում ես, ապա տանուլ ես տալիս այն նպատակը, որը քո առջև ունես.  Մարտի 2-ին դիվանագետի օրվա կապակցությամբ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Դիվանագիտությունը ենթադրում է բավական տքնաջան և երբեմն շատ երկարատև աշխատանք։ Այդ երկարատև աշխատանքի արդյունքում կարող են լինել բեկումնային պահեր, կարող են լինել շատ փոքր առաջխաղացումներ և կարող է հաջողություն չլինի, որովհետև դիվանագիտության մեջ ոչ միայն մեկ կողմից է կախված հաջողությունը։ Բայց երբ անգամ փոքրիկ առաջընթաց է արձանագրվում, պետք է փորձել այդ առաջընթացը ամրապնդել, որպիսի այդ փոքրիկ հաջողության վրա կառուցել ապագա ձեռքբերումները, ապագա հաջողությունները։ Բոլոր դեպքերում ես շատ ուրախ եմ, որ այսուհետ մենք նշելու ենք դիվանագետի օրը», -ասել է նախարարը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի թեմային, Նալբանդյանը նկատել է, որ եթե որևէ երկիր սպառնում է ուժ գործադրել, ուրեմն այդ երկրի դիվանագիտությունը ձախողվել է:

«Իսկ մենք գիտենք թե ով է սպառնում ուժ գործադրել: Այսօր մեր դիրքորոշումը համահունչ է միջազգային հանրության դիրքորոշմանը: Ես կասեի ավելին, միջազգային հանրության դիրքորոշումն է համահունչ մեր դիրքորոշմանը: Եվ դրանք պարապ խոսքեր չեն: Դրա վկայությունն են լ´Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եռանախագահող երկրների նախագահների մակարդակով ընդունած հայտարարությունները, ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի և նաև Հելսինկիի, Աթենքի, Ալմա-Աթայի, Վիլնյուսի և վերջերս Դուբլինում, նախարարական համաժողովների շրջանակներում ընդունված Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները: Սա է իրականությունը», -հավելել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ կապերի հաստատմանն ուղղված ֆուտբոլային դիվանագիտությանը, նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ Սերժ Սարգսյանի այդ նախաձեռնությունը «շատ իմաստուն և ճիշտ նախաձեռնություն էր»:

«Որպես արդյունք այսօր ամբողջ աշխարհը ասում է, որ գնդակը գտնվում է թուրքական դաշտում: Չմտածված խորհուրդներով կամ անզգույշ քայլերով մենք չպետք է թույլ տանք որպիսի այդ գնդակը հայտնվի մեր կիսադաշտում: Այսօր ամբողջ աշխարհը աջակցում է Հայաստանի մոտեցմանը առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ», -նշել է Նալբանդյանը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button